Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

среда, 5 июня 2013 г.

Արմենուհի Տիգրանյանը` Չարենցի սերը

18:38 Posted by Unknown No comments
Այս պատմությունը սկսվեց 1919 թ. հոկտեմբերի 18-ին: Հայաստանի Առաջին հանրապետության պառլամենտի դահլիճում Հայաստանի նորաստեղծ գրական ընկերության երեկոն էր: Այդ օրը գրականագետ, օգոստոսին լուսավորության նախարար նշանակված Նիկոլ Աղբալյանը դասախոսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Ներկաներից շատերն առաջին անգամ էին լսում այդ տարօրինակ անունը, իսկ Աղբալյանը ոգևորված շարունակում էր իր խոսքը` հավաքվածներին համոզելով, որ հայտնվել է մի նոր, շնորհալի պոետ, որն արժանի է ամենայն գովասանքի և ուշադրության: Ելույթին հաջորդեց մտքերի փոխանակությունը, հնչեցին թեր և դեմ կարծիքներ: Իսկ այդ պահին դահլիճի հեռավոր անկյունում կանգնած բանախոսին էր լսում գեղեցկադեմ մի տիկին` Արմենուհի Տիգրանյանը…
Արմենուհին դաշնակցական երևելիներից մեկի` դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր, նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի քույրը, Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսը: Սակայն այս պատվական մարդկանց ընտանիքը ներկայացնելուց զատ նա նաև ճանաչված բանաստեղծուհի էր, նույնիսկ Երևանում գրական սալոն ուներ, որտեղ պարբերաբար հավաքվում էին քաղաքի մտավորականները, գեղարվեստի սիրահարները: Ծնվել էր 1888 թվին Ալեքսանդրապոլում, ավանդապահ ու բարեկիրթ մարդկանց ընտանիքում, սովորել էր տեղի գիմնազիայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի կանանց բարձրագույն կրթարանում: Առաջին աշխարհամարտի տարիներին Հայ օրիորդաց միության նախագահն էր: Դեռևս 1914 թվին Մենուհի գրական կեղծանունով նա Թիֆլիսում հրատարակել էր իր բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը, արժանացել Հովհաննես Թումանյանի ուշադրությանն ու խրախուսանքին: Հայտնի էր, որ Թումանյանը հատկապես նրան էր վերապահել հայ տիկնանց անունից Սայաթ-Նովայի մահարձանի բացման ժամանակ Սուրբ Սարգիս եկեղեցու գավթում ճառ արտասանելու պատիվը, մի արարք, որն այսօրվա բնորոշումերով պիտի համարվեր «ֆեմինիստական» համարձակ քայլ` ի հեճուկս իր ժամանակի սովորույթների ու նախապաշարումների:
Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ օրվա հերոսը` Եղիշե Չարենցը: Նույնիսկ կրթության նախարարը կռահել չէր կարող, որ իր գովերգած բանաստեղծը նաև իր աշխատակիցն է ու այդ օրերին ուսուցչություն էր անում Կարսի խուլ, մոռացված գյուղերից մեկում` Բաշքյադիկլարում` կիսաքաղց, թշվառ, իր վիճակի հետ հաշտված և առանց բանաստեղծության…
Օգնության հասավ պատեհությունը: Այդ օրը շատերի պես դահլիճում էր նաև Չարենցի հայրենակիցն ու մտերմուհին` Կարինե Քոթանջյանը: Նա Աղբալյանին ասաց, որ գիտի Չարենցին, և նախարարն անմիջապես նրան ու Արմենուհի Տիգրանյանին հանձնարարեց որոնել, գտնել մոլորյալին ու կանչել Երևան: Ինչու՞ նաև Արմենուհուն: Գուցե սա՞ էլ ճակատագրի մի անբացատրելի խաղ էր, որին շրջանցելն անհնար էր…
1919-ի դեկտեմբերին Չարենցը հասավ Երևան: Հետագայում Կ. Քոթանջյանն իր հուշերում պիտի պատմեր, որ ինքն է նրան ուղեկցել Արմենուհու մոտ և ծանոթացրել երկուսին: Տիգրանյանը հյուրին ընդունեց ամենայն ջերմությամբ, և բանաստեղծն այնտեղից դուրս եկավ առույգացած, տեսքի եկած, նոր զգեստներով: Սակայն այս անգամ միայն արտաքուստ չէ, որ նա վերափոխված էր: Այդ կարճատև, հպանցիկ հանդիպումը լիովին բավական էր, որ 22-ամյա երիտասարդի սրտում բորբոքվեր մի նոր, դեռևս անբացատրելի խռովք իրենից 9 տարով մեծ կնոջ հանդեպ: Գրավիչ, շքեղաշուք, բարձրաշխարիկ տիկինը գերել էր Չարենցին: Հանդիպումներն ու այցերը դարձան ավելի հաճախակի:
Ամենայն հավանականությամբ Արմենուհին ևս պիտի շատ արագ նկատեր այդ զգացմունքների անթաքույց շերտերը և այսուհետ ստիպված էր մի կողմից իրեն պահել առավելագույնս զուսպ, նույնիսկ սառը, մյուս կողմից լինել այնպիսին, որպեսզի չվիրավորեր հիվանդագին ինքնասիրությամբ ու հախուռն բնավորությամբ երիտասարդին: Բայց եթե միայն այդքանը պահանջվեր նրանից… Կանացի հասունությամբ, կենսափորձով ու նրբանկատությամբ օժտված տիկինը որքան էլ ջանում էր հոգատար քրոջ ու հովանավորի դերը ստանձնել, սակայն արդեն զգում էր, որ ինքն էլ անզոր էր լիովին խեղդել հոգում արթնացող թրթիռները: Թերևս այս երկակի վերաբերմունք էր պատճառը, որ Չարենցը տարուբերվում էր հուսախաբության ու սպասումի անհաստատ թևերի վրա` միակ սփոփանքը գտնելով գրասեղանի առաջ` իր ապրումների ու խոհերի հետ ներանձնացած: Եվ հենց այդ հույզերից էլ ծնվեցին նրա փոքր-ինչ հեգնախառն, նույնիսկ որոշ իմաստով պլեյբեյական սիրախաղի նրբերանգներով համեմված մադրիգալները: Դրանք իր և Արմենուհու լուռ, թաքուն վեճերի ու գրգիռների ծածկագրերն էին, արձագանքն այն հարցերի, որոնք սպասում էին պատասխանի: «Գալանտ երգեր» և «Էմալե պրոֆիլը ձեր» բանաստեղծական շարքերն ամբողջությամբ նվիրվեցին Արմենուհի Տիգրանյանին: Նրանց զգացմունքների դրոշմն էին կրում նաև այդ շրջանում գրված «Տաղարանի», «Բրոնզե գրքի» մի շարք բանաստեղծություններ, հանրահայտ յոթ բալլադները:
Հետագա իրադարձությունները գլորվեցին խելակորույս արագությամբ: Այն, որ սառնության ու մերժումի պատնեշն ի վերջո փլուզվեց, դրա մասին է վկայում թղթին հանձնված տողերի տրամադրության փոփոխությունը և հատկապես 1920 թ մայիսին գրված մի բանաստեղծությունը, որտեղ Չարենցն ինքն իր մասին պիտի ասեր.
… Աղքատ ու խեղճ այցի եկար,
Դարձիդ արքա էիր հզոր…
Ով գիտե, ի՞նչն էր այդպես ոգևորել նրան. Արմենուհին իսկապե՞ս խոստովանել էր իր պատասխան սերը, թե՞ մի ջերմ ժպիտ, մի քնքուշ հայացք կամ բառ ցնորական հույսերով էին ողողել բանաստեղծի հոգին: Սակայն, թևավորված այդ խաբուսիկ հաջողությամբ, Չարենցն անզգուշություն ունեցավ իր նվիրական գաղտնիքն այլևս չթաքցնել վտանգավոր հայացքներից, գրական սալոններում բացահայտ ընթերցում էր Արմենուհուն նվիրված մի քանի գործեր, նրա ներկայությամբ իրեն պահում էր ավելի ազատ ու համարձակ: Իսկ այդ ամենը չէր կարող անպատիժ մնալ: Հետզհետե Չարենցի շուրջը սկսեց ձևավորվել թշնամական միջավայր: Ոմանք անվանարկում էին նրան, զանազան բամբասանքներ տարածում «հարբեցող» ու «ցնդած» պոետի մասին: Այդպիսիներին մեծապես ներշնչում ու խրախուսում էր Վարդգես Ահարոնյանը: Խանդոտ ամուսինը, որ չէր կարող չնկատել կնոջ տարօրինակ պահվածքը, չլսել զազրախոսների թունալի ակնրակները, այժմ խոցված ինքնասիրության ու ոտնահարված պատվի վրեժի ծարավ էր: Սակայն փաստեր չկային, և նա առայժմ բավարարվում էր վիրավորանքի հասնող արհամարհանքով և նաև այն մանր խայթոցներով, որոնք անպատվաբեր էին բարձր դիրքի իշխանավորի համար: Առիթը բաց չթողնելով` Վ. Ահարոնյանը հանդես էր գալիս Չարենցի գործերի գրավոր ու բանավոր քննադատությամբ, իսկ Մայիսյան խռովությունից հետո, երբ խռովարարների դատավարությունը նրան էր հանձնարարված, պահը չկորցրեց մրցակցի դեմ հալածանքներ հրահրելու համար` մեղադրելով Չարենցին բոլշևիկների հետ ունեցած կապերի մեջ:
Այդ օրերի մասին Չարենցի ընկերներից Վավանը գրում է իր հիշողություններում. «Այդ թշնամիների մեջ ամենից գազազածը Ահարոնյանի որդին էր, «գրականագետի» բաճկոն հագած Վարդգեսը, որն այդ ժամանակ ավելի հայտնի էր որպես ամուսին բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի…»: Չարենցին այլ բան չէր մնում, քանի միառժամանակ հեռու մնալ բացահայտ վտանգից ու մեկնել քաղաքից: Սակայն ոչ բաժանող տարածությունը, ոչ հոսող ժամանակն ի զորու չէին մեղմելու նրա սիրո և կրքերի հեղեղը: Գրիչն այժմ թաթախվում էր կարոտի մեջ, թղթի վրա ակոսներ էր բացում նրա տառապանքը.
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սերը հուր է,
Թող ցրե իմ հուրը տխրությունը Ձեր…
Սիրային եռանկյունին այլևս գոյատևելու շանսեր չուներ: Հանգուցալուծում էր պահանջում: Նույն ցանկությամբ էր համակվել նաև Չարենցը: Եվ վերադառնալուն պես որոշում է մեկընդմիշտ իր համար
լուծել այդ խնդիրը: Որոշ թափանցիկ ակնրկներից կարելի է կռահել, որ այնուամենայնիվ աշնանամուտի օրերին կայացել է նման մի դժվարին խոսակցություն ու Չարենցը Արմենուհուց վերջնական ընտրություն կատարելու քայլ է ակնկալել: Կինը թերևս մերժել է նրան, քանի որ հետագա ամիսների բանաստեղծի առանձին նամակներում, բանաստեղծական տողերում ու զրույցներում կարելի է նշմարել նրա հոգեկան անկայուն վիճակը, ինչը երբեմն ծայրահեղ դրսևորումներ է ունենում, և նա սկսում է անհիմն մեղադրանքներ վերագրել Արմենուհուն, մտերիմների մոտ հայհոյել նրան, իսկ հետո դառնորեն զղջալ այդ բառերի համար:
Մինչ այդ երկիրը ցնցվում էր մեծ փոփոխությունների զարկերից: Դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը մտավ Երևան: Նույն ամսին Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ: Եվ դարձյալ նրա առաջին մտածումներից մեկը Արմենուհին էր, հեղափոխական տարուբերումներից նրան անվնաս դուրս բերելու հոգսը: Այդ պահին մեծ համարձակություն պիտի պահանջվեր դաշնակցական պարագլխի կնոջը խորհրդային պետական կառույցում աշխատանքի ընդունելու համար: Սակայն նույնիսկ այդ քայլը կատարելիս Չարենցը վայրկյան անգամ չտատանվեց:
Բարեբախտաբար, արխիվային նյութերում պահպանվել են հատուկենտ փաստաթղթեր, որոնք ասվածի պերճախոս ու անհերքելի վկայություններն են: Ահա դրանցից մեկը, որ հրապարակվում է առաջին անգամ: Սա ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողկոմիսարիատի կողմից 1920 թ. դեկտեմբերի 22-ին Լուավորության ժողովրդական կոմիսարին հղած կարճ գրություն է, ուր ասված է.«Ուղարկվում է Ձեր տրամադրության տակ համապատասխան պաշտոնի համար մեր Կոմիսարիատի նախկին Ինֆ. բաժնի վարիչի օգնական Տիկ. Արմենուհի Տիգրանյանը»: Ստորագրել է Բեկզադյանը: (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 17, էջ 4): Նույն օրերի մեկ այլ վավերագիր իրենից ներկայացնում է Լուսավորության ժողովրդական Կոմիսարիատի պաշտոնյաների 1920 թ. դեկտեմբեր ամսի ռոճկացուցակը: Այս ցուցակի 5-րդ համարի տակ գրված է. «Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց, 15.12 (կես ամսվա համար)»: Ռոճիկի չափը՝ 8250, ստացած ավանս՝ 5000, ստանալիք գումար՝ 3250»: Սա նշանակում է, որ Չարենցն աշխատանքի է ընդունվել դեկտեմբերի 15-ից: Իսկ մի քանի տող ներքևում Արմենուհի Տիգրանյանի անունն է, որ ժողկոմիսարիատ է ընդունել 5 օր հետո՝ դեկտեմբերի 20-ին: (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գործ 680, էջ 39-40): Արմենուհուն տրամադրում են հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտոնը:
Մեկ այլ նորահայտ փաստաթուղթ մեզ այսօր հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե իշխանափոխությունից օրեր անց ինչպիսի կացության մեջ էր հայտնվել բարձրաշխարիկ տիկինը, ով դեռ երեկ ապրում էր բարեկեցիկ կյանքով, վայելում շրջապատի ընդգծված պատկառանքը:
«489
18.1.21 թ.
Երևանի Գավառական Հեղկոմի բռնագրավման բաժանմունքին
Հունվար
Ընկ. Արմենուհի Տիգրանյանը վարում է Լուսժողկոմի քարտուղարի պաշտոնը և բացի այդ, իբրև գրագետ, ունենալով երեկոյան պարապմունքներ, կարիք ունի առանձին սենյակի զբաղմունքի համար։ Ընկ. Տիգրանյանը ապրում է երկու սենյակում, և նրա հետ կենում է ևս չորս հոգի, որոնցից մեկը պաշտոնավարում է ֆինժողկոմում։ Սենյակներից մեկը շատ փոքր է և առանձին մուտք չունի։ Չնայած վերոհիշյալ հանգամանքներին, նրա բնակարանը բռնագրավման վտանգի է ենթարկված։ Խնդրում եմ միջոցներ ձեռք առնել, որ բնակարաններ հատկացնելու սեկցիայի և խտացման վերաբերյալ ժամանակովոր հրահանգը չխախտվի և ընկ. Տիգրանյանին հնարավորություն տրվի կատարելու այն բոլոր պարտականությունները, որ նա Լուսժողկոմի հանձնարարությամբ ստիպված է կատարել տանը երեկոները։
Լուսավորության ժողովրդական կոմիսար
Գործերի կառավարիչ»։ (ՀԱԱ, Լուժողկոմատի սոցդասգլխվարչության արխիվ, ֆ. 122, ց. 1, գ. 366)։ Կասկածից վեր է, որ այս եզակի հոգատար դրսևորումն առանց Չարենցի անմիջական միջամտության այն օրերին նույնիսկ անհնար կլիներ պատկերացնել:
Փետրվարին դաշնակցականները խռովություն բարձրացրեցին: Նրանք գրվեցին Երևանը: Չարենցը կարմիրների հետ նահանջեց դեպի Ղամարլու: Միայն ապրիլի սկզբին հաջողվեց կրկին վերցնել իշխանությունը և վերադառնալ մայրաքաղաք: Վարդգես Ահարոնյանը մյուս դաշնակ մեծամեծների հետ հեռացավ հայրենիքից ու մեկնեց արտասահման: Սակայն կատարվեց ամենաանսպասելին` Արմենուհին չընկերացավ նրան ու մնաց Երևանում: Այսօր դժվար է միանշանակ պատասխան տալ հարցին, թե ի՞նչն էր նմանօրինակ բախտորոշ ու վերջնական որոշման պատճառը` վտանգել ընտանիքի ապագան, վտանգել սեփական անձը, մնալ մի քաղաքում, որտեղ ամեն վայրկյան կարող էր ենթարկվել հալածանքների ու արտաքսման: Մի՞թե սերը…
Երևանի կայարանում դեռ նոր զրահագնացքից իջած Չարենցը շտապում է տեսակցել իր երազանքների կնոջ հետ, և նրան գտնում է անկողնում` ծանր հիվանդ վիճակում: Ի՞նչ կարող էր անել նա թշվառ, քաղցից, կռիվներից ու թալանից ամայացած այդ քաղաքում: Եվ դարձյալ միակ հույսն իր դիրքն էր ու կապերը: Հաշված օրեր անց աշխատավայրից առաքվում է հետևյալ գրությունը.
«193
19.4.21 թ.
Առողջապահության ժողովրդական կոմիսարին
Կոմիսարիատիս աշխատակից Արմենուհի Տիգրանյանը երկրորդ շաբաթն է հիվանդ և հնարավորություն չունի ներկայանալու Կոմիսարիատիդ կից կազմված Հանձնաժողովին քննության ենթարկվելու համար, ուստի ներկայացնելով բժ. Հովհաննիսյանի վկայականը խնդրում եմ անել համապատասխան կարգադրություն, որ տրվի նրան ուժեղացված սնունդ։
Լուսժողկոմի տեղակալ
Գործերի կառավարիչ»։ (ՀԱԱ, ֆ. 122, ց.1 գ.30, էջ 20)։
Ապաքինումը ընթանում էր դանդաղ, հիվանդը մերթ կազդուրման նշաններ էր ցույց տալիս, մերթ կրկին նրա վիճակը բարդանում էր` պահանջելով շուտափույթ օգնություն, դեղորայք, բժշկական այցեր… Մոտ մեկ ամիս անց կազմված մեկ այլ գրություն արդեն թույլ է տալիս գոնե նվազագույն պատկերացում կազմել հետևանքների մասին:
«N 195
12.5.21 թ.
Առողջապահության ժողովրդական կոմիսարին
Լուսժողկոմի Գործերի Կառավարությունը խնդրում է բժշկական քննության ենթարկել ընկ. Արմենուհի Տիգրանյանին որոշելու համար, անհրաժեշտ է նրան արդյոք արձակուրդ ստանալ քայքայված առողջությունը վերականգնելու համար։
Գործերի Կառավարիչ
Գործավար» (ՀԱԱ, ֆ. 122, ց.1, գ.30, էջ 37)։
Ոչ պակաս հատկանշական էր այն «արտոնությունների» չափաբաժինը, որին արժանանում էին կոմիսարիատի աշխատակիցները: Ահա, 1921թ. հունիսի 22-ին Միասնական սպառողական ընկերությանը առաքված Լուսժողկոմատի պաշտոնյաների ցուցակը, որով խնդրվում էր տալ հուլիս ամսվա հացի և ճաշի տոմսերը: 36 հոգանոց ցուցակում 6-րդը Եղիշե Չարենցն էր, 11-րդը՝ Արմենուհի Տիգրանյանը (ՀԱԱ, ֆ.122.ց.1.գ.33.էջ19-20): Նույն կերպ աշխատակիցները ստացել են աղ դրած ձուկ և «չամիչ չայ խմելու համար»:
Չարենցի հոգատար վերաբերմունքն ակնհայտ էր: Բայց ի՞նչ կատարվեց սիրո հետ: Արդյո՞ք այն ևս մարեց ու հանգավ ճակատագրական օրերի թոհուբոհում` ստեղծված լինելով միայն բարձրաշխարհիկ սալոնային կյանքի համար ու չդիմանալով հմայքներից ու լույսերից զուրկ ժամանակների փորձությանը: Այսօր դժվար է միանշանակ պատասխան գտնել մի հարցի համար, որի գաղտնիքը կարող էին իմանալ առավելագույնը երկու մարդ: Իսկ տեսանելի իրականությունն այն էր, ինչն ամենաանսպասելին էր այդքան ամիսների գայթակղություններից ու հետո սիրահետումներից հետո: Ամռանն Արմենուհին իմացավ, որ Եղիշե Չարենցն ամուսնանում է որբանոցի դաստիարակչուհի Արփենիկ Տեր- Աստվածատուրյանի հետ: Իմացավ նաև, որ նորապսակները պատրաստվում են մեկնել Մոսկվա` ուսումնառության: Հիմա արդեն այլևս ոչինչ չկար, որ նրան պիտի խարսխեր այդ քաղաքում: Տանուլ էր տրված զգացմունք, հավատարմություն, ակնկալիք, երազ… Եկել էր հեռանալու պահը: Եվ նա կապեց ճամպրուկները:
Արխիվային թղթապանակներում պահպանվել է մի փոքրիկ գրառում` կատարված 1921 թ. հուլիսի 9-ին կոմիսարիատի մատյանում. « Արմենուհի Տիգրանյանին պ. N 1351, նրանից գնված գրքերի արժողությունը: Կցված է Տիգրանյանի հաշիվը: Գումարը՝ 590.000 ռ»: Պետք է կարծել, որ հենց այդ օրերին էլ Արմենուհին պատրաստվում էր վերջանականապես լքել Երևանը, վաճառում էր իր այն իրերը, որոնք փոխադրել չէր կարող և գրադարանի մի մասն էլ վաճառել էր Լուսժողկոմատին: Սակայն այս փաստը մեզ հուշում է նաև, որ Արմենուհին հուլիսի 9-ին դեռ Երևանում էր, այնպես որ որևէ հիմնավորումից զուրկ է տարածված այն վարկածը, թե հուլիսի 8-ին Թիֆլիսում գտնվող և Լեյլիի ալբոմում «Հրաժեշտի բալլադը» գրող Չարենցը կարող էր հանդիպել նրան կամ առավել ևս «մնաս բարև»-ի իր չափածո խոսքը հանձնել անձամբ Տիգրանյանին:
Այս պատմության վերջաբանն ամենատխուրն է: Արմենուհի Տիգրանյանը խորհուրդների երկիրը լքեց 1922-ին ու մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վհատ տրամադրություն, ծանր ապրումներ, վաղվա օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրան շատ ավելի մեծ դառնություն էր վիճակված ճաշակել: Վարդգես Ահարոնյանը այնուամենայնիվ անկարող եղավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Արմենուհին իր հետագա կյանքն ապրեց այդպես լքված, միայնակ, մոռացված: Նա ծանր հիվանդություն տարավ, երկար ժամանակ գամված էր անկողնուն և այդպես էլ վախճանվեց 1962 թվականին: Տարիներ անց նրանից մնացած բազում անտիպ ձեռագրերի մեջ պիտի գտնեին նաև այս մեկը.
Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…
Արմենուհու մահից երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջավ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբոսաշրջիկ, որ գալիս էր հեռավոր Նյու Յորքից: Դա Վարդգես Ահարոնյանն էր, սփյուռքում լույս ընծայվող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով ավելի քան չորս տասնամյակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրա: Նրա ձեռքի ճամպրուկում այլևյալ իրերի հետ մեկտեղ խնամքով զետեղված էին գունատ, հնաբույր թղթեր: Դրանք Չարենցի ձեռագրերն էին` անհայտ բանաստեղծություններ` նվիրված… դարձյալ Արմենուհուն: Ահարոնյանը ձեռագրերը հանձնեց Հայաստանի գրողների միությանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նույնիսկ անձնական խորը ցավն ու վիրավորանքը կարող է նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ…

Հովիկ Չարխչյանի ուսումնասիրությունը

0 коммент.:

Отправить комментарий