Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ
Տխուր պահեր էր միայն գողանում.
Իր պիտույքները` գրիմ թե կեղծամ,
Ծաղրածուների ուրիշ նվիրում:
Ընդմիջումների լուսավոր պահին
Աննկատ, հանգիստ ու թեթևասահ
Հայտնվում էր նա հանդիսատեսին`
Երբեմն գլխին հիմար մի թասակ:
Երես է տվել ամեն ձեռնածու
Մեր ծիծաղատենչ փողոտ դիտողին,
Գոռում է ահա. «Սա ի՞նչ ծաղրածու,
Էլ ի՜նչ ծաղրածու` անծիծաղելի»;
Մենք էլ փնթփնթում, նետում ենք հատ-հատ.
«Թե դուրս ես եկել, դե ծիծաղեցրու»,
Իսկ նա մեր հոգուց այնպես աննկատ
Հենց այդ նույն պահին թախիծ է կորզում:
Կասկածում ենք դեռ, թե մեր այս դարում
Կրկես ունենանք համաշխարհային,
Սակայն ծաղրածուն այսքան դառնարյուն,
Այսքան անկենդան ու մռա՞յլ լինի...
Իսկ նա, որ կարծես չքվել էր, կրկին
Հայտնվել է ու ձեռքերով սահուն
Պիջակներ հագած մեր հոգու ներքին
Գրպաններից է թախիծ գողանում:
0 коммент.:
Отправить комментарий