Կրիմինալ ժանրի վեպերի հանրահայտ հեղինակ Մարիո Պյուզոյի ոչ պակաս հանրահայտ“The Godfather” եռապատման էկրանավորումը: Ֆիլմի հեղինակների սցենարական փոփոխությունները գրեթե աննշմարելի են, և կինոնկարի բոլոր 3 սերիաները արտացոլում են Պյուզոյի համապատասխան գրքերի գործողությունները:
Առաջին ֆիլմի գործողությունները սկսվում են դոն Վիտո Կորլեոնեի դստեր հարսանեկան արարողությունով, որտեղ հավաքված են լինում “ընտանիքի” բոլոր անդամները: Այստեղ հեղինակներն անդրադառնում են Կորլեոնե ընտանիքի և Նյու-Յորքի մյուս չորս “ընտանիքների” հակամարտությանը, ինչի ընթացքում բոլոր կողմերն էլ ծանր կորուստներ են ունենում: Նաև ներկայացվում է “նորեկ” Սոլոցցոյի և Կորլեոնեի հակամարտությունը Նյու-Յորքում թմրաբիզնեսի ստեղծման և զարգացման հարցում: Խնդիրը բարդանում է նրանով, որ Սոլոցցոյի կողքին կանգնած է քաղաքի ոստիկանության պետը, որն առաջինն է կողմ թմրադեղերի ներմուծմանը: Արգելքներն իհարկե կհաղթահարվեն, բայց ի՞նչ գնով:
“The Godfather” եռապատման երկրորդ ֆիլմը պարբերաբար վերադառնում է անցյալ և ներկայացնում Վիտո Կորլեոնեի երիտասարդությունը և հանցագործ աշխարհում
իշխանության գալու առաջին քայլերը: Զուգահեռ, “ընտանիքում” նախապատրաստվում են նոր դոնի ընդունմանը, և մեծ հավանականությամբ “թագը” տրամադրվելու է Մայքլ Կորլեոնեին, որը հորից ոչ պակաս մեծ և համարձակ արարքներով է աչքի ընկնում: Այստեղ մասամբ ներկայացվում է երկու սերունդների և կյանքի արդարության տարբեր պատկերացումների բախումը, քանզի Մայքլի լայն քայլերի կողքին դեռ հիշվում են Վիտոյի վարած “պատերազմներն” ընտանիքի պատվի և հզորացման համար:
Վերջին` երրորդ ֆիլմը կարելի է համարել նույնանման երկրորդի հետ, և՛ սցենարական որոշումներով, և՛ տեխնիկական լուծումներով: Մայքլ Կորլեոնեն, որը երկար ժամանակ արդեն կառավարում է “ընտանիքը” և, նույնիսկ հասցրել է օրինական տնտեսություններ զարգացնել, պատրաստվում է հեռանալ գործերից և իշխանությունը փոխանցել իր հետնորդին: Նա պարբերաբար հիշում է իր արկածախնդիր երիտասարդությունը և ցանկանում է “ընտանիքի” մասին հոգածության պարտականությունից արժանապատվորե՛ն ազատվել վերջին տարիներն անհոգ ապրելու համար: Սակայն, անսպասելի մի պատահար ստիպում է նրան հեռանալ հանգստի` հարազատ մարդու կորստի ծանր ցավը սրտում:
Ընդհանուր առմամբ, ֆիլմաշարը դուր կգա ինչպես կրիմինալ ժանրի սիրահարներին, այնպես էլ ծանր դրամա և առօրյա, իրական կյանքից վերցված պատմություններ նախընտրողներին:
Գլխավոր դերերում: Մարլոն Բրանդո (դոն Վիտո Կորլեոնե), Ալ Պաչինո (Մայքլ Կորլեոնե), Ալ Լեթիերի
(Սոլոցցո) /մաս I
Ալ Պաչինո (դոն Մայքլ Կորլեոնե), Ռոբերտ Դե Նիրո (Վիտո Կորլեոնե) /մաս II
Ալ Պաչինո (դոն Մայքլ Կորլեոնե) /մաս III
Ֆիլմի պատասխանատու: Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
Սցենարի հեղինակ: Մարիո Պյուզո
Էկրանավորումը: 1972 (ԱՄՆ) /մաս I
1974 (ԱՄՆ) /մաս II
1990 (ԱՄՆ) /մաս III
Մրցանակներ: 3 Օսկար և 19 այլ /մաս I
6 Օսկար և 7 այլ /մաս II
7 Օսկարի հավակնորդ /մաս III
Աղբյուրը` www.filmaser.com
0 коммент.:
Отправить комментарий