Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

четверг, 13 июня 2013 г.

Չարենցը` Արմենուհի Տիգրանյանին մաս 2` Գալանտ Երգեր

22:28 Posted by Unknown No comments
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ: - Դուք արվեստ եք ու հոգի:
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա՜ր սոնետ նվիրել:
Դուք այնպես մե՛ղմ եք խոսում: Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին:

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին -
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված` սիրտս տխրում է լռին:

Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի -
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի:


Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:


Որպես մի ցնդած պոետ`
Ես այսօր կուզեմ երգել
Էմալե պրոֆիլը Ձեր -
Եվ երգով լինել Ձեզ հետ:
Կուզեի հույսով արեգ,
Աչքերում Ձեր բիլ ու խոր
Գուշակել երգերը, որ
Դուք մի օր պիտի գրեք:
Ձեր կապույտ հրով վառված՝
Կուզեի լսել ես հար
Ձեր վճիտ երգերը վառ,
Որ այսօր դեռ չեն գրված:
Եվ որպես ցնդած պոետ . -
Կուզեի անվերջ խմել
Լազուրե երգերը Ձեր -
Եվ երգո՛վ լինել Ձեզ հետ:


Ես այնքան փո՛քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես, -
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ու ջինջ երգերը Ձեր:

Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, երբ Դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բորբոք:

Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
- Վախենո՞ւմ եմ ես Ձեր
Հմայքների ուժից:


Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք, -
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք -
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից -
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:


Երբ ես տեսնում եմ Ձեզ -
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել:
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՛ւց հանգած`
Սպասում են լույսի:
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած:
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր -
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր:


Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՛լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմահոս լույսին:

Հստա՛կ, հստա՛կ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր:

Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել -
Թեթև՛, թեթև՛, որպես
Կապույտ վուալը Ձեր:


Առել եմ գիրքը Ձեր
Ու նայում եմ նրան:
Ձգվում են բիլ գծեր
Գրքից` հոգուս վրա:

Նայում եմ թերթերին
Եվ սպասում եմ, որ
Երգերը թրթռան,
Որպես լույսի օրոր -

Եվ անսահմա՛ն, անծի՛ր
Թրթիռներից երգի
Հյուսվի պրոֆիլը Ձեր
Եվ սրտամոք երգի:


Որպես հեռու բույրի,
Հրապույրի կարոտ -
Թողե՛ք, որ գուրգուրի
Սիրտը իմ մեգ ու մութ
Քնքշությունը անծիր
Ձեր սրտամոք հուշի`
Կապույտ վուալը Ձեր
Ու վուալի փոշին:


Ձեր դեմքի կարոտը վես
Իմ հոգում հեռու հրի
Մի կապույտ փայլ է վառում.
Կարծես ես տեսնում եմ Ձեզ:

Մոգական մի լապտերի
Լուսազարդ, բիլ նկարում:
Մոգական մի լապտերի
Կապտավուն լույսի նման
Այս գիշեր կարոտս անծիր -
Ձեր հեռու հրին գերի
Ուղեղիս լաթի վրա
Նկարում է դեմքը Ձեր:


Էլեկտրական լամպի
Ֆոսֆորագույն լույսում
Ձեր էմալե դեմքի
Տխրությունն է հոսում:
Հոսում է լույսը Ձեր
Փողոցների հեռուն -
Ու մի անծի՛ր, անծի՛ր
Թովչություն է փռում:


Կարդում էիք Դուք թավ ձայնով
Տարօրինակ ու կանացի
Երգերը Ձեր մարմանդ ու մով:

Երբ բարձրացա ու գնացի -
Լռել էր ձայնը Ձեր երգուն,
Բայց իմ սրտում, իմ որբ հոգում
Թավջութակնե՛ր էին երգում:


Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին - լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի -
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող -
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող:


Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի -
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում -
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՛ ամոքում նրա կարոտը անանուն:


Երբ ես հիշում եմ Ձեզ -
Հավատացե՛ք, որ ինձ
Համակում է մի հեզ
Ու մեղմահոս թախիծ:
Սիրում է սիրտս բիլ,
Երազանքով անհույս,
Կաթի՛լ - կաթի՛լ խմել
Տխրությունը Ձեր լույս:
Օրերում այս հրե,
Հորձանքներում վարար,
Երբ որ ամեն քարի
Զարնվում է մի քար -
Հեռուներից Ձեր կույս
Թող շիթ առ շիթ սուրա
Տխրությունը Ձեր լույս՝
Վառվող հոգուս վրա:


Ես հիմա օրհներգում եմ
Մի անուշ տխրություն, որ
Իմ հոգին ամոքում է
Ձեր հեռու կարոտո՜վ նոր:

Ես երգով միշտ Ձեզ հե՛տ եմ`
Ձեր բույրից հավիտյա՛ն գոհ.
Ես հիվանդ մի պոետ եմ.
- Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օ՜...

Իմ երգը միշտ Ձեզ է երգում`
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն.
Լսեք, ախ, լսե՜ք, իմ երգին -
Իմ երգը միշտ Ձեզ է երգում:
Օ, թող իմ ամե՜ն մի երգում
Իր փայլը զգա Ձեր հոգին -
Իմ երգը միշտ Ձեզ է երգում,
Դուք երգ ու հմայք եք, տիկի՜ն:


Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքան հմայիչ էր, գիտե՞ք,
Եվ Ձեր սանրվածքը թեք
Երեկ հմայիչ էր այնքան:
Դյութի՛չ էր Ձեր ժպիտը մանկան,
Ձեր քաղցր ժպիտը` սրտաբեկ, -
Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքա՛ն հմայիչ էր, գիտե՞ք...


Ձեր դեմքի էմալը երեկ
Հստակ էր, որպես ապակի.
Կարոտ էր հրի, կրակի
Ձեր դեմքի էմալը երեկ:
Արդյոք ո՞վ պիտի կրակի,
Արդյոք ո՞ւմ պիտի նվիրեք
Ձեր դեմքի էմալը, որ երեկ
Հստակ էր, որպես ապակի...


Այսօր Ձեր մատները, տիկի՜ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին:
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի, -
Այսօր Ձեր մատները, տիկի՜ն,
Նման են հեռու մի հուշի...


Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց -
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց -
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:


Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում եմ մայթով փողոցի -
Շրշում են իմ շուրջը, շրշում:
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի -
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի...


Երգում է ծովը, դաշտը, հովը,
Ամե՜ն ինչ երգ է ու շշուկ,
Երբ սիրտը խենթ է ու գինով է:
Երգում է ծովը, դաշտը, հովը. -
Գիտե՞ք, որ սիրտը դա՜շտ է, հով է,
Եվ երբ զարթնում է սերն անշուք -
Երգում է ծովը, դաշտը, հովը -
Ամեն ինչ երգ է ու շշուկ...

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՛ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՛ւթ է ու անծիր. -
Հիմա ամե՜ն ինչ անիմաստ է -
Իզո՛ւր այդպես դու շիկնեցիր...


- Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է`
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. -
Օ, թողե՜ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր. -
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. -
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր:


Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր -
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է...
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը.
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր -
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր: 

0 коммент.:

Отправить комментарий