Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

понедельник, 24 июня 2013 г.

Քրք Քըրքորյան` Հաջողակը

14:25 Posted by Unknown No comments
1939 թվականին, երբ Քըրքորյանն արդեն մտածում էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու եւ օրվա հացը սպորտի միջոցով վաստակելու մասին, նրան քար շարելու վարձեց Թեդ Օ՚Ֆլաերթին։ Աշխատանքի ընթացքում նրանք զրույցի բռնվեցին, եւ Թեդն առաջարկեց Քըրքին զբոսնել իր երկտեղանի փոքրիկ ինքնաթիռով։ Մի քանի օր անց Քըրքորյանն առաջին անգամ օդ բարձրացավ եւ արդեն հաջորդ առավոտյան նորից եկավ թռիչքադաշտ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալու իր ծրագրերի մասին այլեւս չէր էլ հիշում։
Մի տարի անց Քըրքը զգաց, որ պատրաստ է դառնալ օդաչու եւ գնաց առաջին կին օդաչուներից մեկի՝ Պանչո մականունով Ֆլորենս Բարնսի դպրոց։ Դպրոցը տեղավորված էր Մոջավ անապատում գտնվող «Երջանիկ հատակ» ռանչոյում, որտեղ ներկայումս Էդվարդս ռազմաօդային կայանն է։
Ճիշտ է, ուսման վարձը վճարելու համար Քըրքը փող չուներ։ Այդժամ նա առաջարկեց փոխհատուցել դա՝ ռանչոյում աշխատանքով։ Բարնսին առաջարկը դուր եկավ, եւ նրանք համաձայնության եկան։ Այդուհետ, օդաչուական դասերի միջեւ Քըրքորյանը կթում էր կովերին ու հավաքում գոմաղբը։ Եւ վեց ամիս անց ստացավ ոչ միայն օդաչուի արտոնագիրը, այլեւ մշտական աշխատանք Ֆլորենս Բարնսի դպրոցում։
ԿՅԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՂ
Սակայն շուտով այդ աշխատանքը սաստիկ ձանձրացրեց Քըրքին, եւ նա այլ զբաղմունք գտավ իր համար. տեղափոխել Կանադայում արտադրվող «Մոսկիտ» ռմբակոծիչները Բրիտանական կղզիներ։ Դրա համար հիրավի ահռելի գումար էին վճարում. 1000 դոլար՝ մեկ չվերթի համար (ինչը մոտավորապես համապատասխանում է ներկայիս 10.000 դոլարին), սակայն ռիսկը նույնպես մեծ էր։ Միջին հաշվով չորս չվերթից միայն մեկն էր բարեհաջող ավարտվում։
Բայց հաջողությունը չդավաճանեց Քըրքորյանին։ 1944 թվականի մայիսին Քըրքը եւ նրա խմբի հրամանատար Ջոն Վուլրիջը նույնիսկ Ատլանտիկայի հատման արագության ռեկորդ սահմանեցին։ Վուլրիջը Շոտլանդիա հասավ 6 ժամ 46 րոպեում, իսկ Քըրքորյանը՝ 7 ժամ 9 րոպեում։ Սակայն ընդամենը մեկ ամիս անց հերթական թռիչքը քիչ մնաց վերջինը դառնար Քըրքի համար։ Կես ճանապարհին քամին հանկարծ լրիվ դադարեց ու ռազմակայան հասնելու հավանականությունը չափազանց փոքր էր։ Քըրքորյանին փրկեց աներեւակայելի բարեբախտությունը. երբ վառելիքը գրեթե վերջացել էր, առջեւում երեւաց նշանակման վայրի օդանավակայանը։
Բրիտանական ՌՕՈՒ-ում երկուսուկես տարի ծառայելու ընթացքում Քըրքը Եվրոպա փոխադրեց 33 ինքնաթիռ եւ բավականաչափ գումար կուտակեց, որպեսզի պատերազմի ավարտից հետո գնի սեփական ինքնաթիռ՝ մեկ շարժիչավոր «Սեսսնա»։ Դրանով նա ուսուցանում էր սկսնակ օդաչուներին եւ մասնավոր չվերթերով տեղափոխում բոլոր ցանկացողներին երկրով մեկ։
Այդպես 1945 թվականի հուլիսին նա առաջին անգամ հայտնվեց Լաս Վեգասում՝ ԱՄՆ-ի խաղատնային մայրաքաղաքում։ «Ես պարզապես ապշած էի այնտեղ տիրող եռուզեռից,- մտաբերում է Քըրքորյանը։ -Այդ փոքրիկ քաղաքում անցկացրի կյանքիս լավագույն օրերը»։
Բացի այդ, Քըրքը սկսեց զբաղվել փոքր ինքնաթիռների առեւտրով, իսկ նրա գնորդները հաճախ իր իսկ նախկին սաներն էին։ Երկու տարվա ընթացքում նա բավականաչափ վաստակեց, որպեսզի 1947 թվականին գնի Los Angeles Air Service փոքրիկ ավիաընկերությունը։ Այժմ Քըրքը հաճախ էր առիթ ունենում ընկերության գործերով այցելել Լաս Վեգաս։ 1940-1950-ական թվականներին նա չափազանց շատ էր խաղում խաղատներում։ Մի գիշերվա ընթացքում 50-80 հազար դոլար տանուլ տալը նրա համար սովորական բան էր։
Բայց հետզհետե Քըրքորյանը ձանձրացավ խաղից, եւ սեփական ընկերության գործերը սկսեցին գնալով ավելի հրապուրել նրան։ Գործերն այնքան հաջող էին ընթանում, որ 1968 թվականին Քըրքը վաճառեց իր ավիաընկերությունը արդեն 104 միլիոն դոլարով եւ ի լրումն` ստացավ նաեւ TransAmerica-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթ՝ մոտ 85 միլիոն դոլար արժողությամբ։
ԱՆԱՊԱՏԻ ՔԱՂԱՔԸ
Զբաղվել Լաս Վեգասի սրընթաց թանկացող հողի առեւտրով Քըրքորյանը փորձեց դեռեւս 1962 թվականին՝ ընդամենը 960 հազար դոլարով մոտ 8 հեկտար հող գնելով Սթրիփից ոչ հեռու (շրջան, որտեղ գտնվում են հիմնական հյուրանոցներն ու խաղատները)։ Ցածր գինը շատ պարզ բացատրություն ուներ. Քըրքորյանի տիրույթները Սթրիփից բաժանված էին նեղ հողաշերտով, որը պատկանում էր այլ սեփականատերերի։ Հողաշերտն այդ այնքան նեղլիկ էր, որ փոքրիշատե օգտակար ոչ մի կառույց այնտեղ տեղավորելն անհնար էր։ Քըրքը առանց դժվարության համոզեց տերերին հրաժեշտ տալ կես հեկտարից ոչ ավելի տարածքով այդ անօգուտ հողակտորներին։
Դրանից հետո հողի գինը աճեց բազմապատիկ։ Միայն վարձույթով դա տալով, Քըրքորյանը վեց տարվա ընթացքում ստացավ 4 միլիոն դոլար, իսկ 1968 թվականին վաճառելով ողջ հողատարածքը նոր խաղատան շինարարության համար՝ եւս 5 միլիոն։
Հենց այդ ժամանակ էլ Քըրքը ձեւակերպեց իր հաջողության բանաձեւը, որը հետո բազմիցս կրկնում էր. «Ես պարզապես չեմ փորձում կրծոտել ոսկորը մինչեւ վերջ։ Չեմ սպասում, մինչեւ գները հասնեն առավելագույնի։ Չէ՞ որ դրանք հանկարծակի ընկնելու սովորություն ունեն։ Ես անում եմ քայլն արդեն այն ժամանակ, երբ շահույթն ինձ արդարացի է թվում»։
Դրանից հետո Քըրքորյանը ծավալվեց ողջ թափով։ 1967 թվականին Լաս Վեգասում սկսեց կառուցել քաղաքի ամենամեծ հյուրանոցը՝ հողակտոր գնելով 5 միլիոն դոլարով։ Շատերն այդ նախագիծը համարում էին անհեռանկարային։ Հյուրանոցը Սթրիփից հեռու էր եւ պարզապես վիթխարի էր. դրա 30 հարկերում պետք է տեղավորված լինեին 1512 հյուրանոցահամարներ։
Այս անգամ հոռետեսներն իրավացի գտնվեցին։ Քըրքն ընկավ պարտքի տակ, նրա ընկերության բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվեցին։ Ստիպված եղավ նույնիսկ վաճառել Լաս Վեգասի իր տունը, ինքնաթիռը, զբոսանավը։ Անհաջողությունները տեւեցին մոտ մեկ տարի։ 1972-ին նա դարձյալ ոտքի կանգնեց եւ սկսեց կառուցել նոր «աշխարհի ամենամեծ հյուրանոցը»։
ԻՄ ԳՈՐԾԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԽՈՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ
Իր բոլոր հաջողություններով հանդերձ, Քըրք Քըրքորյանն ամենեւին էլ հաջողակ գործարարի տպավորություն չի թողնում։ Նա հազվադեպ է հայտնվում իրեն պատկանող ընկերությունների տնօրենների խորհուրդների նիստերում եւ երբեք հրապարակավ ելույթներ չի ունենում։ Բարձրաշխարհիկ երեկույթներից առավել գերադասում է ընկերների հետ շփումը, որոնց հետ մտերիմ է արդեն տասնամյակներ շարունակ։ Եւ նրան լավ ճանաչողները վստահեցնում են, որ Քըրքը մեղմաբարո մարդ է եւ հիանալի զրուցակից։
Բայց դա չի խանգարում նրան անողորմ լինել բիզնեսում։ Երբ 1969 թվականին Քըրքը գնեց Metro Goldwyn Mayer (MGM) հոլիվուդյան հանրահայտ կինոընկերությունը, նա ստուդիայի ողջ ռեկվիզիտն անմիջապես վաճառեց աճուրդային տանը՝ 1,5 միլիոն դոլարով։ Ուշագրավ է, որ իր կյանքի ընթացքում նա երեք անգամ գնել ու վաճառել է այդ կինոստուդիան։ Բայց անկախ նրանից՝ վաճառում է MGM-ն թե գնում, յուրաքանչյուր գործարքի հետ Քըրքորյանը մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելի է հարստանում։
Մի քանի օր անց կբոլորի Քըրք Քըրքորյանի 90 տարին, բայց նա շարունակում է եռանդագին զբաղվել գործերով եւ, դատելով ամենից, միանգամայն երջանիկ է։ Ապրում է Քըրքորյանը Լաս Վեգասի արվարձանում գտնվող շքեղ առանձնատանը, աշխարհով մեկ շրջում 18 միլիոն դոլար արժողությամբ DC-9 ինքնաթիռով կամ 45 մետրանոց զբոսանավով։ Իսկ նրա կրտսեր դուստրն ընդամենը ութ տարեկան է։

0 коммент.:

Отправить комментарий