Չարենցի ձերբակալությունը հասունանում էր և կարող էր ուր որ է տեղի ունենալ: Ահա թե ինչպես է նկարագրում Իսահակյանի որդին` Վիգենը, նրա ձերբակալությունը հոր մասին հուշերում. «Վաղ առավոտյան (1937թ. հուլիսի վերջին) հորս մոտ եկավ Իզաբելան (Չարենցի կինը – Ա.Ի.)` շատ հուզված, արցունքների մեջ: Մենք հասկացանք, որ մեծ դժբախտություն է պատահել:
Իզաբելան պատմեց, որ Չարենցն իր և երկու դուստրերի հետ հյուր էր մի բարեկամի տանը` Նորքի բարձունքներում գտնվող նրա քաղաքամերձ տանը: Շատ շոգ էր, և Չարենցը երեխաների հետ առավոտյան շրջում էր այգում: Կեսօրին մոտ եկել է սև մեքենան, որից դուրս են եկել երկու հոգի` ՆԳԺԿ աշխատակիցների համազգեստով և նրան հարցրել են, թե որտեղ է Չարենցը: Իզաբելան պատասխանել է, թե նա երեխաների հետ այգու խորքում է: Նրանք գնացին նրա մոտ. «Ընկեր Չարենց, Ձեր գործը քննելու հետ կապված` Ձեզ կանչում են ՆԳԺԿ»:
Չարենցն անմիջապես հասկացավ ամեն ինչ: Նա ասաց. «Ես գիտեմ, որ այլևս այստեղ չեմ վերադառնալու, դրա համար խնդրում եմ, որ ընտանիքս էլ ինձ հետ գա Երևան, տուն»: Չմերժեցին: Նրանք բոլորը նստեցին մեքենան: Մեծը` Արփիկը, նստել էր հոր ծնկներին, փոքրը` Անահիտը, իմ: Ամբողջ ճանապարհին Չարենցը լուռ էր և գլուխը խոնարհած` թախծոտ նայում էր Արփիկի աչքերին, ասես ուզում էր ընդմիշտ հիշել նրա կերպարը:
Տանը Իզաբելան թույլ չտվեց, որ Եղիշեն հրաժեշտ տա իրեն և երեխաներին. «Չէ՞ որ դու պետք է վերադառնաս, իսկ հրաժեշտը վատ նշան է»: Եվ նա գնաց այն հագուստով, ինչ հագին կար` թեթև սպիտակ վերնաշապիկով: Հասցրեց միայն հանել ոսկե ժամացույցը և հանձնել կնոջը. «Կարող է քեզ պետք գալ»: Եվ այդ ժամանակ ուղեկցողները խնդրեցին նրան. «Ընկեր Չարենց, եթե կարելի է, մեզ իբրև հիշատակ մեկական գիրք տվեք ձեր ինքնագրով»: Չարենցը չմերժեց նրանց: Երբ նրանց մեկնեց իր գրքերը, ինչ-որ բան փայլատակեց նրա աչքերում` հաղթանակի շողը: Նա հասկանում էր, որ իր պոեզիան անհաղթ է: Եվ միայն գլխով հպվելով կնոջը` արագ դուրս եկավ: Վայրկյան չանցած` Իզաբելան դուրս թռավ պատշգամբ և տեսավ, թե ինչպես նա մեքենա նստեց ու կորավ տեսադաշտից: Այդժամ նա հասկացավ, որ նրան այլևս երբեք չի տեսնի»: Պատմելիս Իզաբելան կրկին հեկեկաց` սեղմվելով հորս»:
Սա Չարենցի մեծ ողբերգության ընդամենը սկիզբն էր: Դրանից շատ չանցած Իզաբելային հանեցին բնակարանից` երեխեքով ապրելու համար մի փոքրիկ խուց հատկացնելով նրանց, առգրավելով բանաստեղծի բոլոր ձեռագրերն ու գրադարանը:
Իսահակյանը ծանր էր տանում Չարենցի ձերբակալությունը: Այն տան պատշգամբից, որտեղ նա ապրում էր այն տարիներին, երևում էր Չարենցի տան տանիքը: Տների արանքում աղմկում էր հին այգին, ուր մինչև ուշ գիշեր Իսահակյանը շրջում էր Չարենցի հետ` նրա տնային կալանքի ժամանակ: Նրանց անպայման ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը` «Ջեկի» անունով սետերը:
Իսահակյանը նստել էր պատշգամբի անկյունում և լուռ ծխում էր` նայելով դատարկ ծառուղիներին: Ի՞նչ կարող էր անել ծեր ու միայնակ մարդը, երբ բոլորը վախենում էին անգամ նրա հետ շփվելուց: Ինքը` բանաստեղծն էլ ամեն պահի հեռախոսազանգի էր սպասում այնտեղից:
Անցավ երկու ամիս, և մի անգամ Իզաբելան կրկին եկավ Իսահակյանի մոտ: Թե ինչի մասին են խոսել, Իսահակյանն այն ժամանակ ոչ ոքի չի պատմել:
Այդ ընթացքում բռնաճնշման մեքենան շարունակում էր իր դժոխային աշխատանքը: Չէր հասցրել Իզաբելան նոր տեղում մի երեք ամիս ապրել, երբ նոյեմբերի սկզբին հենց փողոցում, տրամվայի գծերի մոտ, նրան ուժով խցկեցին մեքենան և տարան ՆԳԺԿ ներքին բանտ: Բանաստեղծի զավակները որբ մնացին: Փոքրին իր մոտ վերցրեց տատիկը, իսկ ավագին ուղարկեցին մանկատուն:
Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվեց և շատ բան այլ լույսով էր երևում, Իսահակյանը բացեց 1937թ. հոկտեմբերին Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը:
Պարզվում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցել Չարենցի նամակը: Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակն էր բերել Իզաբելան: Իսահակյանն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում, բայց թաշկինակի գլխավոր արժեքն այն է, որ նրա վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը: Եվ այն նվիրված է Ավետիք Իսահակյանին: Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:
Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
Ա~խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:
Եվ սերունդենր այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
1937.27.IX. բանտ, գիշեր
Բանաստեղծությանը հաջորդում էր բանաստեղծի հետևյալ վերջին խոստովանությունը. «Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»:
0 коммент.:
Отправить комментарий