Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

понедельник, 3 июня 2013 г.

Փոս

19:29 Posted by Unknown No comments
Երկու մարդ փոս էին փորում:
Այն ընդարձակ էր և նույնիսկ կարելի է ասել` հարմարավետ: Ինչպես գերեզմանափոս: Այնպես որ հնարավոր էր դիմանալ: Նրանց ձեռքին հրացան կար: Այն հնարել էր մեկը` մարդկանց վրա կրակելու համար: Հաճախ այդ մարդկանց բոլորովին չէր ճանաչում: Նույնիսկ նրանց լեզուն չէր հասկանում: Նրանք այդ մեկին ոչինչ չէին արել, բայց նա պետք է կրակեր իրենց վրա: Իսկ դա մեկ ուրիշի հրամանն էր: Որպեսզի հնարավոր լիներ միանգամից նրանցից շատերի վրա կրակել, մեկն էլ այնպես էր արել, որ հրացանը մի րոպեում վաթսուն անգամ ավել կրակի: Եվ դրա համար նրան վարձատրել էին:
Այդ երկուսից քիչ հեռու մեկ այլ փոս կար: Այնտեղից մի գլուխ դուրս նայեց` մարդու գլուխ: Նա քիթ ուներ, որով կարող էր օծանելիքի հոտը շնչել: Աչքեր, որոնք կարող էին նայել քաղաքին կամ ծաղիկներին: Նա բերան ուներ, որով կարող էր ուտել և ասել «Ինգա» կամ «մայրիկ»: Եվ այդ գլխին նայում էին այն երկուսը, որոնց ձեռքին հրացան կար:
- Կրակիր,- ասաց նրանցից մեկը:
Եվ նա կրակեց:
Գլուխը փշրվեց: Այն այլևս չէր կարող օծանելիքի հոտ շնչել, նայել քաղաքին և ասել «Ինգա»:
Երբեք:
Այդ երկուսը վաղուց էին փոսի մեջ: Նրանք այդ ընթացքում շատ գլուխներ էին փշրել: Եվ դրանք այնպիսի մարդկանց գլուխներ էին, որոնց չէին ճանաչում: Որոնք նրանց ոչինչ չէին արել և որոնք չէին հասկանում նրանց լեզուն: Բայց մեկը հնարել էր հրացան, որ մի րոպեում ավելի քան վաթսուն կրակոց էր արձակում, և մեկ ուրիշն էլ հրամայել էր կրակել:
Այդ երկուսը այնքան գլուխներ էին փշրել, որ դրանցից կարելի էր բլուր սարքել: Իսկ երբ նրանք քնում էին, այդ գլուխներն սկսում էին գլորվել: Ինչպես կեգլիներն են կեգլուղու վրա գլորվում: Կամացուկ դղրդոցով:
Դրանից նրանք արթնացան:
- Բայց մենք հրաման ենք կատարում,- շշնջաց նրանցից մեկը:
- Բայց մենք ենք կատարում,- գոռաց մյուսը:
- Եվ սարսափելի է,- տնքաց առաջինը:
- Երբեմն նաև զվարճալի է,- ծիծաղեց մյուսը:
- Ոչ,- գոռաց շշնջացողը:
- Այնուամենայնիվ,- շշնջաց մյուսը,- երբեմն նաև զվարճալի է:
- Այո: Իսկապես զվարճալի է:
Ամբողջ գիշեր նրանք մնացին նստած: Չէին կարողանում քնել: Եվ նրանցից մեկն ասաց.
- Բայց աստված այսպես է ստեղծել:
- Բայց աստված մի արդարացում ունի` նա չկա,- ասաց մյուսը:
- Նա չկա՞,- հարցրեց առաջինը:
- Դա նրա միակ արդարացումն է,- պատասխանեց մյուսը,- ուրիշը չունի:
- Բայց մենք, մենք ունե՞նք,- շշնջաց առաջինը:
- Այո, մենք ունենք,- նույնպես շշնջաց մյուսը:
Երկուսը, որոնց հրամայված էր շատ գլուխներ փշրել, չէին քնում գիշերները: Որովհետև գլուխները կամացուկ դղրդում էին:
Հետո նրանցից մեկն ասաց.
- Եվ հիմա մենք հրամանի համաձայն ենք այստեղ նստած:
- Այո,- ասաց մյուսը,- հիմա մենք հրամանի համաձայն ենք այստեղ նստած:
Ապա մեկը գոռաց.
- Վերջացնել: Նորից սկսվում է:
Երկուսը վեր կացան և վերցրին հրացանները: Եվ միշտ, երբ մարդ էին տեսնում, կրակում էին: Եվ միշտ այդ մարդուն նրանք չէին ճանաչում: Իսկ նա իրենց ոչինչ չէր արել: Բայց կրակում էին նրա վրա:
Դրա համար մեկը հնարել էր հրացանը:
Դրա համար նա վարձատրվել էր:
Եվ մեկը, մեկն էլ հրամայել էր:

0 коммент.:

Отправить комментарий