18-ամյա գեղեցկուհի Կլաուդիա Մորին արեց հնարավորինս, որ ստանար այս ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը. հետապնդում էր ռեժիսոր Ֆուլչիին, օգտագործում անձնական կապերը, անգամ գործի էր դրել սեփական հմայքը: Ի վերջո, Ֆուլչին տեղի տվեց: Շուտով լուծվեց նաև գլխավոր դերակատարի հարցը: Ռեժիսորի հետ առաջին հանդիպմանը Չելենտանոն ներկայացավ կեղտոտ վերնաշապիկով, մինչև աչքերը քաշած սև գլխարկով և կիթառը թևի տակ: "Դու ո՞վ ես",- հարցրեց Ֆուլչիին: "Ես Աստծո երկրպագուն եմ, եկել եմ երկիր` նրա շահերը պաշտպանելու",- լուրջ պատասխանեց Չելենտանոն: "Սա հենց իմ ուզած տիպն է",- բղավեց ռեժիսորը:
Նկարահանումների առաջին օրը Կլաուդիան ներկայացավ ուշացումով: "Ես նրան պաշտում են",- ականջին շշնջաց աշխատակցուհիներից մեկը`գլխով ցույց տալով աթոռին կապիկի նման նստած տղային: Կլաուդիան թոթվեց ուսերը. "Մի՞թե գլխավոր դերը վստահվել է այս կապիկին": Սակայն մեկ ժամ անց նա այլ կերպ էր մտածում... ընդմիջման ժամանակ զույգն արդեն սուրճի սեղանի շուրջ բամբասում էր մյուս դերասաններից, իսկ քիչ ավելի ուշ` երկար համբուրվում հանդերձասենյակում:
Մեկ տարի անց նրանք ամուսնացան: Հարսանիքն ինքնին կարող էր հաջողված կատակերգության սցենար հանդիսանալ: Աներես լրագրողներից ազատվելու համար որոշվել էր հարսանեկան արարողությունը սկսել գիշերվա ժամը 3-ին: Հյուրերը սեղանների շուրջ ննջում էին: Փեսացուի գլուխն ահավոր ցավում էր: Եկեղեցի գնալուց առաջ սիրահարները վիճեցին... հարսնացուին դուր չէր եկել փեսացուի փողկապը: Ի դեպ, հարսանիքից հետո Չելենտանոյի իմիջով սկսեց զբաղվել հենց Կլաուդիան: Այսուհետ Ադրիանոն պետք է հագնվեր ավելի անճաշակ, բայց աչքի ընկնող հագուստներ: Բարձրաշխարհիկ երեկույթներին նա հայտնվում էր ճչացող գույների վերնաշապիկներով, բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով: Յուրօրինակ ոճ ձեռք բերելու համար Չելենտանոն ստեղծում էր սկանդալային իրավիճակներ: Օրինակ` մի անգամ Հռոմի կենտրոնում արհեստականորեն մեքենաների խցանում առաջացրեց. արգելակեց մեքենան խճուղու կենտրոնում, դուրս եկավ, և... սկսեց միայնակ վալս պարել: Ավելի ուշ ոստիկանությունում խոստովանեց, թե փորձում էր նոր ֆիլմի դրվագներից մեկը: Եվ զարմանալի էր, որ շուտով էկրան բարձրացած նոր ֆիլմի տոմսերը մեկ օրում սպառվեցին. բոլորն ուզում էին տեսնել, թե ինչպես է պարելու "տարօրինակ Չելենտանոն": Գովազդային հաջորդ հնարքը եղավ "ինքնասպանության" բեմականացումը: Ադրիանոն, առանց որևէ լուրջ պատճառի, պառկեց գնացքի գծերին: Լրագրողները շրջապատել էին կնոջը` փորձելով իմանալ ինքնասպանության քայլի դիմելու դրդապատճառները: Վերջինս արցունքոտ աչքերով համոզում էր ամուսնուն ետ կանգնել նման խելահեղ արարքից: Սակայն հենց լսվեց մոտեցող գնացքի ձայնը, Չելենտանոն միանգամից վեր թռավ տեղից և արտասվելով նետվեց կնոջ գիրկը...
"Ես խենթանալու չափ սիրում եմ նրան,- հարցազրույցներից մեկում ասել է Ադրիանոն,- ես մշտապես սիրահարված եմ, բայց ինձ թվում է, որ նա ինձ այնքան էլ շատ չի սիրում, և այդ մտքից անտանելի տառապում եմ:' Ես պետք է ամեն վայրկյան համոզված լինեմ, որ աշխարհում կա մի կին, որին պետք եմ: Կարող եմ հանգիստ ապրել առանց երկրպագուների, փառքի և հաջողության: Ի տարբերություն իմ գործընկերների` ես իմ արվեստով ընդամենը փող եմ վաստակում ապրելու համար:"
0 коммент.:
Отправить комментарий