Ես իմ բախտը գիտեմ: Մի օր իմ անվան հետ ինչ-որ հրեշավոր բանի մասին հիշողությունն է կապվելու, – մի ճգնաժամի, որի նմանը երկրի երեսին դեռ չի եղել, խղճի խորագույն բախման, մի վճռի, որը կայացված է մինչև օրս հավատացված, պահհանջված, սրբացված ամեն ինչի դեմ: Ես մարդ չեմ, ես դինամիտ եմ: – Եվ, այսուամենայնիվ, իմ մեջ կրոնի հիմնագրից ոչինչ չկա – կրոնները խաժամուժի ձեռի գործ (Affairen) են, ես ստիպված եմ ձեռներս լվանալ կրոնական մարդկանց հետ շփումից հետո… Ես «հավատացյալներ» չեմ ուզում, ես կարծում եմ՝ չափազանց չարախինդ եմ՝ ինքս ինձ հավատալու համար, ես երբեք զանգվածներին չեմ դիմում… Ես ահավոր վախենում եմ, որ ինձ մի օր սուրբ հռչակեն. դուք գլխի ընկնում եք, թե ես ինչու եմ այս գիրքը նախապես հրատարակում, այն պետք է պաշտպանի ինձ աղավաղելուց: Ես չեմ ուզում սուրբ լինել, ավելի լավ է խեղկատակ… Ես, թերևս, հենց խեղկատակ եմ… Եվ, չնայած դրան կամ, ավելի շուտ, չչնայած դրան, քանզի ցայժմ ոչինչ ավելի սուտ չի եղել, քան սրբերը, ինձնից խոսում է ճշմարտությունը: Բայց իմ ճշմարտությունը սոսկալի է: Որովհետև մինչև հիմա սուտն է ճշմարտություն կոչվել:- Բոլոր արժեքների վերարժեքավորում – ահա իմ բանաձևը մարդկության բարձրագույն ինքնաիմաստավորման ակտի համար, ինչը իմ մեջ միս ու հանճար է դարձել: Իմ բախտն ուզում է, որ ես առաջին կարգին մարդը լինեմ, որ ես ինձ գիտակցեմ հազարամյակների ստի հետ հակադրության մեջ… Ես եմ առաջինը ճշմարտությունը հայտնագործել, նրանո՛վ, որ ես առաջինն եմ սուտը իբրև, սուտ զգացել – հոտոտել… Իմ Հանճարն իմ ռունգերի մեջ է… Ես առարկում եմ, ինչպես երբեք չի առարկվել և, չնայած դրան, ես ոչ-ասող ոգու հակադրությունն եմ: Ես զվարթ բանբեր եմ, ինչպիսին ոչ ոք չի եղել, ես այնպիսի բարձր խնդիրներ գիտեմ, որոնց մասին մինչ օրս գաղափար անդամ չեն ունեցել: Առաջին անգամ ինձնից սկսած վերստին հույսեր գոյություն ունեն: Այս ամենով հանդերձ ես անհրաժեշտաբար նաև ճակատագրի մարդն եմ: Զի երբ ճշմարտությունը պայքարի մեջ մտնի հազարամյակների ստի հետ՝ մենք ցնցումներ կունենանք, երկրաշարժի ջղաձգում, լեռների և հովիտների տեղափոխություն, ինչպիսիք երբեք անգամ երազում տեսնված չկան: Քաղքականության գաղափարն այդժամ ամբողջովին կկլանվի հոգևոր պատերազմի մեջ, հին հասարակության իշխանության բոլոր ձևերը հօդս կցնդեն – նրանք բոլորեքյան ստի վրա են ընկած. պատերազմներ կլինեն, որոնց նմանը երկրի երեսին դեռ բնավ չի եղել: Առաջին անգամ ինձնից է սկսվում մեծ քաղաքականությունը երկրագնդի վրա:
0 коммент.:
Отправить комментарий