Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

четверг, 30 мая 2013 г.

Իտալո Կալվինո` Խիղճը

22:59 Posted by Unknown No comments
Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:
Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
- Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ, -ասաց Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք, -իրենն էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել:
Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում, և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:
Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է, -ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:
Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:
«Եթե Ալբերտոյին չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:
Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:
Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:
Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:
Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին;
-Լավ, -ասաց, -լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

0 коммент.:

Отправить комментарий