Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

суббота, 18 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Խրիմյան Հայրիկ մաս 2

1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր:
- Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:
- Բարով, տեր հայր,- աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:
- Որտեղի՞ց կուգաս:
- Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ…
- Ա.-ի տեր Սարգի՞սը…
- Այո, Հայրիկ:
- Է՞…
- Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես…
- Է հիմի…
- Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես… այնպես, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:
- Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
- Ամենքը միասին քսան, Հայրիկ:
- Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:
- Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:
- Հայրիկինը…
- Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:
Ասավ ու գլուխը խոնարհեց:
Քահանան շտապեց առաջ, աջը գրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին…
Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը…
                                                                                                 
                                                                                     ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

                                                                                                     
                          

0 коммент.:

Отправить комментарий