Մայրաքաղաքում փողոց կա մի խեղճ,
Տուն կա մի փոքրիկ,և ներսում այդ տան
Արդեն հինգ գիշեր դու ջերմության մեջ
Պարկած ես մահճում կյանքի ու մահվան:
Եվ ամեն գիշեր,մութն ընկնելուն պես,
Կանգնում ես այստեղ,պատուհանի տակ,
Եվ գոհ է մնում իմ սիրտը այնպես,
Որ քո լամպարը տեսնում է հստակ:
Ա'խ,թե զգայիր,թե իմանայիր,
Պատուհանի մոտ ում սիրտն է հևում,
Ա'խ,թե տենդի մեջ դու հասկանայիր,
Այդ ում ստվերն է անվերջ երևում:
Երազ չեն գալիս արդյոք մեր անցած
Հանդիպումները սառնամանիքում,
Մեր սիրո խոսքերն արդեն հուշ դարձած
Եվ գգվանքները,գգվանքներն անքուն...
Քո ամուսինը ննջեց աթոռին,
Ինչ ես շշնջում,քուն է մտել նա:-
Իսկ ես մինչև այգ կհսկեմ լռին,
Մինչև արևը նորից մոտենա:
...Դռնապանները ինձ իմաց կտան,
Որ հեռացել ես լուսայգի ներքո,
Եվ պատուհանից անխոս ցույց կտան
Սեղանին դրված պաղ մարմինը քո:
Չեմ համարձակվի բացել դուռը տան,
Բայց հեռանալիս ծունկ կիջնեմ հլու,
Մայրաքաղաքից ես դաշտեր կերթամ-
Արձակ արտերում իմ վիշտը լալու:
Ես քաղաքներում տանջվել եմ երկար
Եվ կյանքս ամբողջ խորտակել իզուր:
Ընդունի'ր դու ինձ,սիրասուն իմ մա'յր-
Վոլգա,գետերի տիրուհի հզոր...
Գարուն
Սպիտակ վա'րդը բարակ ցողունին բուրում էր անքուն:
Ծաղկագրեր էր աղջիկը գծում ձմռան ապակուն:
Աղավնիների աղոտ ճախրանք կար տեսիլքում ձյունի:
Առավոտն ամբողջ տանջվեց անուրջը երանությամբ լի:
Աղջիկը երկար,երկար սպասեց պատուհանի դեմ:
Ծովերից անդին,ինչ-որ հեռու տեղ գարուն էր արդեն:
Իրիկունն իջավ,երկիրը ննջեց սփոփիչ քնով:
Աղջիկն արտասվեց խաղաղ գիշերում,-ով էր մտքին,ով:
Սպիտակ վարդը թոշնեց անարցունք գիշերում այդ պաղ.
Աղավնիները թռան-հեռացան,-առավոտ էր վաղ:
0 коммент.:
Отправить комментарий