ՄԵՐԻ
Այն քո պսակի գիշերն էր, Մերի',
Մերի',այն գիշերը աչքերդ մարող
Ինչպես ճաճանչներն աշնան աստղերի
Առկայծում էին բոցով անկարող....
Թրթռում էին շուրջդ մահապարտ
Մոմերը,մեռնող թիթեռների պես,
Բայց,Օ',դրանցից առավել գունատ
Մարում էր դալուկ դեմքդ վշտակեզ...
Տաճարի գմբեթն այրվում էր ցավից,
Թախիծով էր ծծված բույրը վարդերի...
Բայց կա սպասող կանանց աղոթքից
Անամոք մի ցավ` այրող ավելի...
Ես լսում էի երդումդ անկապ,
Բայց չե'մ հավատում... լսել եմ ստույգ-
Գիտեմ,այրում էր ինձ կսկիծն անափ
Սակայն ինչ էր դա` հարսանիք թե սուգ...
Տաճարից ելա... քայլերով մոլոր
Գնում էի... ուր... մութն էր աչքիս դեմ...
Ոռնում էր քամին վշտով ահավոր,
Անձրև էր թե լաց այժմ էլ չգիտեմ...
Այդպես գլխիկոր մնացի երկար,
Մինչ դեռ սևակնած բարդիները ծեր
Խշխշում էին,դողում տենդահար,
Ինչպես վիրավոր արծվի թևեր...
Շրշում էր բարդու ճյուղը հերարձակ,
Բայց ինչի մասին, ով գիտե, Մերի'
Օ',բախտը,որին ես չտիրացա,
Կորչում էր անդարձ թևով հողմերի...
Ոռնում էր քամին... անձրևն ահաձայն
Կտրտվում,ասես իմ սիրտը խոցված,
Եվ ես լաց եղա ինչպես Լիր արքան,
Արքան ամենքից լքված,մոռացված...
0 коммент.:
Отправить комментарий