Ինձ շուտ արթնացրու վաղն առավոտյան,
Օ',համբերատար մայրիկ իմ բարի,
Բլուրից այնկողմ ես պիտի գնամ,
Դիմավորելու մի անգին հյուրի:
Ես այսօր տեսա մեր անտառի մոտ
Հետքն անիվների մարգերի վրա,
Ամպերի ներքո քամին աղմկոտ
Ճոճում է ոսկե աղեղը նրա:
Ինձ շուտ արթնացրու վաղն առավոտյան,
Ու լույսը վառիր սենյակում մեր հին,
Ասում են, որ ես շուտով կդառնամ
Հայտնի պոետը ռուսական հողի:
Կհիշեմ ես քեզ,կհիշեմ հյուրին,
Մեր տունն,աքլորին,վառարանը տաք,
Ու երկերիս վրա կթափվի լռին
Քո շեկ կովերի կաթը սպիտակ:
Երգ շան մասին
Վաղ առավոտյան,իր հարդե խցում,
Ուր հարդն արևից ոսկի էր հագել,
Յոթ հատ ձագ ծնեց շունը գյուղացու,
Յոթ հատ շիկավուն և դեռ կույր ձագեր:
Մինչև երեկո նա նրանց փարվում,
Սանրում էր լեզվով մազերը նրանց,
Եվ ձյունը նրա փորի տակ հալվում
Առու էր դառնում խսիրին փռած:
Իսկ երեկոյան,երբ հավ ու աքլոր
Կուչ էին եկել թառերին իրենց,
Դուրս եկավ տնից տանտերը խոժոռ
Եվ յոթ ձագին էլ պարկի մեջ դրեց:
Վազում էր շունը,պարկը հոտոտում,
Տիրոջն աղերսում,կլանչում,հևում...
Եվ երկար-երկար դեռ չէր հանդարտվում
Լճակի ջուրը` հանցանքի տեղում:
Իսկ երբ հազիվ-հազ տուն էր դառնում նա
Լիզելով կողքի քրտինքն ու վերքը,
Նրան թվաց, թե լուսինը գունատ,
Իր,լճում խեղդված,ձագերից մե'կն է:
Նայում էր շունը լուսնին շողշողուն,
Եվ կանչում նրան,անհույս կլանչում,
Բայց լուսինը իր ձագի պես դողում
Սուզվում էր,կորչում ամպերի լճում:
Եվ անհույս,ինչպես կատակից դաժան`
Երբ որ հացի տեղ քար են շպրտում`
Գլորվու'մ էին արցունքները շան
Եվ աստղերի նման ձյան մեջ բոցկլտում:
0 коммент.:
Отправить комментарий