Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

вторник, 21 мая 2013 г.

Առակներ

21:11 Posted by Unknown No comments

Գարու հաշիվը
 
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։
Եվ քուռակն ասաց մորը.
— Ւնչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։
Մայրն ասաց. 
— Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։
Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.
— Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:
Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
— Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։
 
Միայնակյացը և գամփռ շունը
 
Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում Էր։ Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր:
Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց։ Եվ միայնակյացը լալով ու արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց.
— Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել։
 
Այծերը և գայլերը
 
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչո՞ւ մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն:
Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ։ Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի, և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:
Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.
— Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:
Եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով։ Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջուր և ուրախանում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։
Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս–դաս ընկան այծերի վրա և կերան։

0 коммент.:

Отправить комментарий