Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

Показаны сообщения с ярлыком Հայ Հանճարներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայ Հանճարներ. Показать все сообщения

четверг, 20 июня 2013 г.

Հայ Հանճարներ` Կարպ Խաչվանքյան

Վայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղու՞մ է:
Ասում են` վատ հանդիսատես ունենք: Ըստ իս` վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների համերգի ժամանակ հանդիսատեսը աղմկում է և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որ կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին:

понедельник, 17 июня 2013 г.

Հայ Հանճարներ` Տիգրան Մեծ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։
Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։
Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։
Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։
Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։
                       
                                    ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ` <<ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>>

суббота, 15 июня 2013 г.

Հայ Հանճարներ` Անրի Վերնոյ` Մայրիկ

Մայրիկը մեռնում էր…այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ:
Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից և հարազատներին նվիրված տաքուկ ու հավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը:
 Արդեն գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու  այն չնչին բրդյա հագուստեղենը, որ այնքան բարկացնում էր ինձ… Եվ ահա խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար:
Որոշ կանայք հանգվելու արվեստն ընտրում են թերությունները կոծկելու համար: Ոմանք էլ այդ արվեստն օգտագործում են այնպես, որ հնարավոր լինի գուշակել իրենց բարեմասնությունները:
Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ մենք այդքան սիրել ենք իրար, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ, ԹԵ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ: Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, և բառերի միջամտությունն ավելորդ էր թվում:
Իրար սիրում էինք ի ծնե:
Իսկ մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր…
 Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն՝ աճող ձգտումներով, որոնք կեղեքում ենք քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հոգեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, ՄԻՆՉԴԵՌ ՆՐԱՆՑ ԱՄԵՆ ՄԻ ՍՊԻՏԱԿԱԾ ՄԱԶԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ՄԻ ԳԱՐՈՒՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆ:
 Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան:
 Այսօր ես ամաչում եմ այնօրվա իմ ամաչելու համար:
 Քնաբեր այդ խաղալիքների փոխարեն, որ հորինել են մեծերը փոքրիկների համար, ես գերադասում էի իմ սուրբ ժամապահների դեմքերը: Մայրիկ, Աննա և Գայանե: Սիրո երորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում էին մինչև իմ քունը տանի: Աստիճանաբար այդ պատկերի ուրվագծերը մեղմացան, հետո անհետացան անուշ մի փափկության մեջ: Ես քնում էի …
Զարմանալի բան է հիշողությունը. Տարիներ շարունակ գործում է ուղեղի խորքում և պահպանում է այն, ինչ հաճելի է իրեն:
 «Թող բոլորը քաջ գիտենան, որ ազգերը չեն մեռնում»- Բենեդիկտոս 15-րդը այս կոչով դիմում էր նրանց, ովքեր սրի սայրով որոշել էին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր:
 Եթե իրար հետ խաղացող երեխաների ճիչերը, ծիծաղն ու զվարթությունը ջնջում է նրանց խաղի կանոնների խենթությունը, ապա մեն-մենակ խաղացող երեխայի մեջ որոշ տխրություն կա, և այն խենթությունները, որով նա զվարճանում է, ավելի են աչքի ընկնում:
 Հարաբերությունն Աստծո հետ յուրաքանչյուր մարդու անձնական գործն է:
 Այդ մանկական հոգեկան խռովքիս մեջ զգում էի, որ ուղեղումս ինչ-որ փոսիկ լցվում էր ատելությամբ: Ես ընդհուպ Ալեքսանդրի դեմքին մոտեցրի դեմքս: ԿԱՆ ԶԱՅՐՈՒՅԹՈՎ ԼԻ ՁԱՅՆԵՐ, ԹԵև ՀԱԶԻՎ ԼՍԵԼԻ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆԵՐՔԻՆ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ՔԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՈՌՆՈՑՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ:
 Մարդը մեռնում է մենակ…
Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում: Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ակատես ենք լինում մեր ներքին, փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունը օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով…
 Երբ կայծակը շատ մոտիկից է խփում, զարմանում ես, որ ողջ ես մնացել:
 Լեզուներն իրենց գեղեցկությունը պահպանում են միմիայն չթարգմանված վիճակում:
 Միայն հանճարին է վերագրված ունենալու վերանայված ու սրբագրված մանկություն:
 Անմիջական գործողությունների ժամանակ լավ դաստիարակությունը կամ ազնվությունը ոչ մի դեր չունի: Այստեղ հրամայողը սիրտն է, միմիայն սիրտը:
 Հարատև սերը ընդունելն այնքան հաճելի է, իսկ կրելը` ծանր:
 Կան վստահության անմեկնելի վայրկյաններ` չգիտակցված, չտրամաբանված, երբ կարող ես նայվածքի մեջ կարդալ վստահություն, անկեղծություն ու հավատարմություն:
 Հեշտ է խաբել հույս որոնող արարածներին:
 Եթե շարժումը բնազդական է, բնական ու պարզ, վեր է հանում ներշնչված մի հոգի, որ շտապում է բացահայտելիրեն: Ցուցադրական շարծուձևը, ըստ պայմանական ծեսի, վերածվում է նշանակված ժամին կատարվող սրբազան մարմնամարզության:
 Միշտ էլ մի տեղ լինում էփրկության խարիսխ:
 Կան զայրույթով լի ձայներ, թեև հազիվ լսելի, որոնք ավելի շատ ներքին կատաղություն են բացահայտում, քան աշխարհի բոլոր ոռնոցները միասին:
 Իսկական երանգը նվազ հստակ է, նվազ մնայուն, նվազ ճչան և ավելի նուրբ:
 Ամուսնանալով կնոջ հետ, տղամարդը կարծես որոշ չափով ամուսնանում էր նաև նրա ընտանիքի հետ:

пятница, 14 июня 2013 г.

Հայ Հանճարներ` Հովհաննես Շիրազ մաս 2

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից, կանցներ զմրուխտ հեքիաթով՝

Երկրեերկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի՝
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

Հայ Հանճարներ` Վահան Տերյան մաս 2` նվիրված Նվարդ Թումանյանին

Տեսնու՞մ ես որքան ,որքան արագ
Անցնում է բոլորն ու դառնում հուշ.
Այժմ ո՞վ է արդյոք գրկում զգույշ
Իրանըդ այնքա՜ն,այնքա՜ն բարակ:
Եվ ո՞վ է ,ո՞վ է լսում անուշ
Խոսքերըդ սիրո և սևորակ 
Հուրերիդ խառնում մի նոր կրակ,
Արբած ջեռ փայլով աչքերիդ նուշ....

Ես ձմռան օրով տեսա գարուն
Ու մայիսից վառ տեսա հունվար.
Եվ ի՞նչ մնաց ինձ այն լուսավառ 
Օրերից.... Հուշերգ մի ոլորուն
Եվ այս կարոտը,կարոտն անզոր,
Որ դառն երգում է գիշեր ու զոր...
                                   

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է,անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ:
Թեև իջնում է հոգուս ըստվերը
Եվ չեմ սպասում գալիք ից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո,անուշ Նվարդ:

                      
 Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածիդ  հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում:

                       
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու,հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն,Նվարդ,
Թեև բացվում են նորից վարդեր:
Օ,եղիր խնդուն,որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրըդ կախարդ.
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Եվ դու՝վարդերում վարդերի վարդ:

     
Նույնն է հասցեդ հնամյա,
Նույնն է՝օթելը՝«Պարիժ»
Բայց տրտմությունըս հիմա
Այլ է,կարոտըս՝ուրիշ:

Նույնն է խանութը դեմի,
Նույնն է ցուցանակը հիմար.
Նույն մեղմախոս Վեռլենի
Երգն ես կրկնում դու համառ:

Գուցե այստեղ գտներ իմ
Սիրտս շրջիկ ու մոլոր
Եվ խնդություն մի վերին,
Եվ ամոքում,և օրոր...

Բայց հեռանում եմ անկամ,
Ի՞նչն էվանում ինձ,ինչու
Մի՞տդ է,ինչպես մի անգամ
ինձ ասացիր դու «գնչու»...

четверг, 30 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Վահան Թոթովենց` Թումանյանն ու ամերիկացիները

Թումանյանի սեղանի շուրջը հավաքվել էին ամերիկացիներ: Ես թարգմանում էի: Թումանյանի բանավոր խոսքը եվրոպական մի որևէ լեզվի թարգմանողը միայն կզգա նրա խոսքի նրբությունը: Ես շատ անգամ քրտնում էի, չկարողանալով գտնել համապատասխան պատկերավոր և հումորով ողողված ոճը, բայց ես օտարականներին միշտ ասում էի.
- Լավ և ուշադրությամբ մտիկ տվեք նրա հայերեն խոսքին, ես թարգմանում եմ միայն իմաստը, մնացածը (բացականչություններ, շարժուձևեր, ժպիտ) դուք պետք է ավելացնեք, որպեսզի ստանաք ամբողջությունը: Վերջիվերջո լավագույն թարգմանությունը գորգի հակառակ կողմն է, ինչպես Սերվանտեսն է ասում:
Ամերիկացիներից մեկը, չգիտեմ ինչու, հարց տվեց Թումանյանին.
- Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացիների մեջ:
Թումանյանը պատասխանեց.
- Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում:

вторник, 28 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Պարույր Սևակ մաս 1

              
                                                         ՍԱՐԴԱՐԱՊԱՏ                                                                           
                                                                             
                                                                               Երբ չի մնում ելք ու ճար,

                                                           Խենթերն են գտնում հնար:
                                                           Այսպէս ծագեց, արեգակեց
                                                           Սարդարապատի մարտը մեծ:

                                                           Զանգե՛ր, ղօղանջէք,
                                                           Սրբազան քաջերին կանչէք
                                                           Այս արդար պատից:
                                                           Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
                                                           
Սարդարապատից:

                                                           Աւարայրից ջանք առանք,
                                                           Այստեղ մի պահ կանգ առանք,
                                                           Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
                                                           Սարդարապատի պատի տակ:

                                                            Զանգե՛ր, ղօղանջէք,
                                                            Սրբազան քաջերին կանչէք
                                                            Այս արդար պատից:
                                                            Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
                                                            Սարդարապատից:

                                                            Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
                                                            Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
                                                            Երբ տան զանգը, ահազանգը՝
                                                            Որ մեր հոգու պարտքը տանք:

                                                            Զանգե՛ր, ղօղանջէք,
                                                            Սրբազան քաջերին կանչէք
                                                            Այս արդար պատից:
                                                            Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
                                                            Սարդարապատից:

понедельник, 27 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Հովհաննես Թումանյան մաս 1 Հայի Ոգին

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիչանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդնրից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, ոո քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ
համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։
Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը։
Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժոովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը։
Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։
Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի., և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ,հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ա մորմոքների մեջ։
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…
Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

воскресенье, 26 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Գալյա Նովենց

Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ։ Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։ Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում:

вторник, 21 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Վիլյամ Սարոյան մաս 2


Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
-Ինքնաթիռով պիտի տանիմ...
-Ինչու՞ համար...
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
- Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրո'յըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրո'յըն)...
Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
- Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
Շատ ամնչցա:

Հայ Հանճարներ` Վահրամ Փափազյան


.Իչքան մեծ է արտիստը, նույնքան մեծ բան ունի սովորելու, եւ դրանումն է նրա մեծությունը: Ինքս շատ բան եմ սովորել ... նույնիսկ փոքրերից եւ փոքրություն չեմ համարել այդ:
.Հռոմեական կրկեսի հավիտենական գլադիատորն է մեծահամբավ դերասանը. ինչքան շռնդալից է հանդիսատեսի ընդունելությունը, նույնքան մեծ է նրա պահանջը, եւ անտարբերությունը `անողորմ տապալվողի հանդեպ:
."Մարդը վերադառնում է միշտ դեպի հին սերը", - ասում է ֆրանսիացին, եւ որքան հին է նա, այնքան ուժեղ է, - ասում եմ ես ...
.Միայն սերն է, որ սրբագործում է ամուսնությունը, այլապես մարդկային այդ գերագույն ակտը կդառնա ամենաաննորմալ ու վայրենի մի ցանկություն: Այդ հարցում գոնե կենդանիներից ամենախելոքը մարդն է:
.Արվեստը բացարձակ է. նա չի փոքրանում, որովհետեւ չի կարող լինել ավելի մեծ, քան կա:
.Հանգստանալ ... ահա մի բառ, որ իմաստ չի ունեցել ինձ համար, եւ վերջապես ինչից հանգստանալ ... արվեստից ... Արվեստագետի համար հանգստանալ արվեստից `մեռնել կնշանակեր եւ անհանգստանալ այդ հանգստի համար` անհեթեթություն ...
.Ինչ արժեք ունի մարդու ցանկությունը, երբ տնօրինողը ճակատագիրն է:
- Կյանքում հանդիսատես լինել կարողանալը դերասանական արվեստի տարրերից մեկն է `դա դեռ բավական չէ դերասան լինելու համար ... Որպեսզի կարողանա լինել այն, ինչ դիտում է, պետք է լավ ճանաչի նրան, որը պիտի լինի ինքը:
.Արվեստը մեծ է ինչպես աշխարհը, եւ պարզ `ինչպես ճշմարտությունը. այդպես էլ պետք է լինի ստեղծագործող արտիստի հոգին:
.Մարդկային անթիվ զգացումների շարքում, սերն է միայն, որ ընդունակ է արտահայտվել առանց խոսքերի: ժամանակն ու տարածությունը նույնպես անզոր են խափանել նրան, երբ անվերապահ տիրապետում է նա մարդկային հոգուն

суббота, 18 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Խրիմյան Հայրիկ մաս 2

1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր:
- Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:
- Բարով, տեր հայր,- աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:
- Որտեղի՞ց կուգաս:
- Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ…
- Ա.-ի տեր Սարգի՞սը…
- Այո, Հայրիկ:
- Է՞…
- Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես…
- Է հիմի…
- Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես… այնպես, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:
- Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
- Ամենքը միասին քսան, Հայրիկ:
- Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:
- Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:
- Հայրիկինը…
- Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:
Ասավ ու գլուխը խոնարհեց:
Քահանան շտապեց առաջ, աջը գրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին…
Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը…
                                                                                                 
                                                                                     ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

                                                                                                     
                          

четверг, 16 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Ավետիք Իսահակյան մաս 1


Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում....Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:

Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես...»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  - իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , -  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:  
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

среда, 15 мая 2013 г.

Հայ հանճարներ` Եղիշե Չարենց մաս 3

                               
                                Կարինե Քոտանճյանին

                               
Դու ի'մ վերջին,Ի'րիկնային,աստղային քույր... 
                          
                                     
Կարապները լճերի մեջ,ջրերի վրա
                                      Դեռ քնել են,դեռ նիրհում են.կարթնանան հիմա:
                                               
                                      Կապու'յտի մեջ,կապու'յտի մեջ-արևի ոսկին:
                                      Քնի'ր,քնի'ր լուսե աղջիկ,չզարթնես ծեգին:

                                      Ու զանգերը ղողանջում են` կարկաչուն,հնչուն,-
                                      Փախցնում են աստղերի չուն և կանչու'մ,կանչում:

                                      Խաչը վանքի,երգը զանգի-կապույտում վերջին.
                                      -Զարթի'ր,զարթի'ր,կապույտ աղջիկ,ու
                                                                                          նայի'ր խաչին...

                                      Նա ոսկի' է,երկինք նետած մի կտոր ոսկի.
                                      Նա-մի երազ,ոսկի մի'րաժ արթնացած խոսքի:

                                      Ու մարում են,ու մեռնում են այն աստղերը տե'ս:
                                      Արթնացել են կարապները ու կանչու'մ են մեզ:

                                      Քու'յր,վայրկյանը սրբազան է-բռնկում ու մահ.
                                      Կարապները,որ կանչում են,կմեռնեն հիմա:

                                      Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
                                      -Զարթի'ր,զարթի'ր,կապու'յտ աղջիկ,- ու
                                                                                           նայիր խաչի'ն...

                                               
                                      Ու տրտում են քո աչքերը թաց,
                                      Ու մթնում էին գույներն իմ հոգում,
                                      Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
                                      Դեմքդ մշուշում մանուշակագույն...

                                       Եվ քո թաց,վճիտ,ցողոտ աչքերում
                                       Լույսի ճաճանչներ ճախրելով անցան-
                                       Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն`
                                       Քո ջինջ աչքերում-պայծա'ռ ծիածան...

                                       Քու'յր իմ,այն մեռնող արև'ն էր- ժպտաց,
                                       Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
                                       Ու ծիածանե քո աչքերը թաց
                                       Ու տրտում հոգիս մանուշակագույն...  

                                                  Հրաժեշտի երեկոն

                          Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
                                     -Ինչ տրտու'մ է,կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն...

                                     Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում,իմ հոգում
                                     Օրհնե'նք,օրհնենք այս երկրային հրաժեշտի երեկոն...

                                     Եվ թող հալվե'ն,ձուլվե'ն,մարվե'ն իրիկնային կապույտում
                                     Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:

                                      Եվ զանգերը անրջորեն,հորիզոնից-հորիզոն,
                                      Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...

вторник, 14 мая 2013 г.

Հայ հանճարներ` Վահան Տերյան Մաս 1


Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...

                                                   
                                                    Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
                                                    Գիշերի պես խորհրդավոր.
                                                    Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
                                                    Որպես թովիչ իրիկնամուտ։

                                                   Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
                                                   Որպես գարնան մթնշաղում։
                                                   Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
                                                   Արբեցումի ոսկե մշուշ։

                                                  Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
                                                  Քո աչքերը հոգի տանջող։
                                                  Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
                                                  Որպես գարնան իրիկնամուտ։


                                                        ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

                                                    Դու անհոգ նայեցիր իմ վրա
                                                    Ու անցար քո խաղով կանացի.
                                                    Ես քեզնից դաոնացած հեռացա,
                                                    Ես քեզնից հեռացա ու լացի...

                                                    Ւմ հոգին ծովերում անծանոթ —
                                                    Մենավոր ու մոլոր մի նավակ,
                                                    Մատնեցի փոթորկին աղմկոտ,
                                                    Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...

                                                    Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
                                                    Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
                                                    Միայն հողմն է տխուր շառաչում,
                                                    Անթափանց մեգ-մշուշ է միայն...

                     

                      ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

                                    Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
                                                Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
                                                Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
                                                Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
                                                Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
                                                Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
                                                Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
                                                Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
                                                Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
                                                Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
                                                0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
                                                Անմխիթար մորմոքումից քո ցավի…



       

воскресенье, 12 мая 2013 г.

Հայ Հանճարներ` Վիլյամ Սարոյան

<<Իմ այս տեսակ բեղ մը պահելուս մեջ,եթե խորապես քննենք` կայ բացատրություն:Երբ ես տակավին փոքր էի,հայերը Ամերիկայի մեջ արհամարանքի ենթակայ էին,քանզի բեղ կը պահեին ու բարձրաձայն կխօսեին:
Երբ ես դարձայ տասնվեց տարեկան,բեղ ունեցայ և սկսեցի խօսել բարձրաձայն:Ես կամեցայ ունենալ,շեշտել,ընդգծել ճիշտ այն բաները,որոնցով կջանային նվաստացնել մեզ:Ուզածս էր ըսել` ահա ես հայ եմ,գաղթականի տղայ,Բիթլիսցի եմ և այս տեսակ բեղ կը պահեմ:Մեկ է կհաճիք,թե ոչ:Երբ կպատկանիս ազգի մը,որ կարհամարվի մեծամասնություն կազմող ազգի մը կողմե,կամ պիտի փախչիս,կամ պատասխանես:
Ես ընտրեցի պատասխանելը` այսինքն հայ եմ,կը խօսիմ բարձրաձայն ու բեղ կը պահեմ>>:

пятница, 19 апреля 2013 г.

Հայ Հանճարներ` Հովհաննես Շիրազ մաս 1

1935-ին լույս տեսավ Հովհաննես Շիրազի <<Գարնանամուտ>>-ը:Արամ Ինճիկյանը ու Ռուբեն Զարյանը առաջին արձագանքողներից եղան, որ մամուլում ողջունեցին Շիրազի գրական ասպարեզում հայտվելը:
Շիրազը Լենինականից Երևան էր եկել հանդիպելու իր առաջին քննադատներին:Շիրազն այն ժամանակ գրեթե պատանի էր, հազիվ 20 տարեկան:
-Ուրեմն դուք եք Զարյանն ու Ինճիկյանը,-դիմեց նա քննադատներին,ասաց ու քթի տակ ծիծաղեց:
-Ես ել կարծեցի,թե մենձ մարդոց պիտի հանդիպեմ` բեղ ու մորուքով:
Հիասթափություն կար հայացքի մեջ:Բոլորը գործերը թողած` հետաքրքրված էին բանաստեղծով,որի առաջին գրքույկը ձեռքից ձեռք էր անցնում,և բոլորը նրան մեծ ապագա էին խոստանում:
Ինճիկյանը հարցրեց.-Ինչ նոր գիրք եք գրում,ընկեր Շիրազ:
-Շուտով լույս կտեսնի պոեմս`<<Սիամանթո և Խջեզարե>>:
Ներկաներից մեկը դիմեց նրան.
-Ընկեր Շիրազ...
-Ընկեր Շիրազ,Ընկեր Շիրազ... ընկերս որն է ըսեք Շիրազ ու վերջ:Հա' կներեք ընդհատեցի:
-Ուզում էի իմանալ,թե ով է ձեր ամենասիրելի բանաստեղծը:
-Իսահակյանը:
-Ուրիշ
-Թումանյանը:
Մի փոքր լռելուց հետո:
-Հա' մեկ էլ Սայաթ-Նովան ու Նարեկացին:
-Իսկ Չարենցը...
-Զգացմունքային չէ:
Դուռը բացվեց,ու երևացին Դեմիրճյանը և Զորյանը:
Շիրազը, թեև առաջին անգամ էր տեսնում, ճանաչեց նրանց:Բարձրացավ տեղից,մոտեցավ և նեղվելով ներկայացավ:Դեմիրճյանը խրախուսական խոսքեր ասաց:Շիրազը ակնածանքով նայում էր մեկ Դեմիրճյանին,մեկ Զորյանին:
-Պետք է անպայման սովորել,-նկատեց Զորյանը:
-Ճիշտ կըսես,մյուս տարվանից տեղափոխվելու եմ Երևան,համալսարանում պիտի սովորեմ:
Ալազանը խոստացել է օգնել:
Ներկաները շատ զարմացան,որ նա դու-ով խոսեց Զորյանի հետ և վերագրեցին գավառականության:Երբ Դեմիրճյանն ու Զորյանը գնացին,ներկաները դիտողություն արեցին մեծերի հետ դու-ով խոսելու համար:
Լսվեց նրա մանր ծիծաղը:
-ինչի յադ հո չեն,որ հետները դուքով խոսիմ:Դեմիրճյանն էլ,Զորյանն էլ պաշտելի մարդիկ են:
Տեսած կաք,որ տղան հոր հետ դուք-ով խոսի:Զարմանալի բան կսեք....




четверг, 18 апреля 2013 г.

Հայ հանճարներ` Եղիշե Չարենց մաս 2





Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
Հազար վարդեր կրակվեցին շուրջը,կողքին,
Հազար խաշխաշ,ու գարնան օր,ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ,թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը-ալ,նարնջագույն,վառքը-կարմիր,
Ողջը-հրաշք ու խնդություն արեգնածին...

                                                             

                                          Սոնետ



Ես ինչպես ձեզ չսիրեմ:-Դուք արվեստ եք
                                                   ու հոգի:
Օ,կարելի է արդյոք պրոֆիլը ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա'ր սոնետ
                                                         նվիրել:
 Դուք այնպես մեղմ եք խոսում:Երբ Դուք կարդում
                                                               եք,տիկի'ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ ձեր աչքերը ,գիտեք,առանց ներքին կրակի,
Լուսաշող են` ձեր կրծքի քարերի պես թանկագին:

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին-
Թվում է ինձ,թե տրիոլետներ են երգում

Եվ այդ երգով հմայված`սիրտս տխրում է լռին:
Եվ դուք գիտեք,որ սիրուց հիվանդացած իմ
                                                     հոգում
Ես միշտ լսում եմ թեթև,թավ թրթիռներ ջութակի-
երբ համբուրում եմ ես ձեր բարակ մատներն
                                                     ապակի:


Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ ձեր դեմքին-լուսե գծեր
Ինչ որ հեռու արեգակի-
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող-
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող


Էմալե պրոֆիլը ձեր
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել
Որպես մի անհայտ դը Լիլ:
Արդյոք որ վարպետը մեծ
Հորինել է դեմքը ձեր.
Արդյոք որ Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ: