Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

воскресенье, 2 июня 2013 г.

Ճապոնական Հեքիաթ` Ամենալավ Այգեպանը

14:10 Posted by Unknown No comments
Մի ժամանակ Ճապոնիայի հեռավոր լեռնային գյուղերից մեկում ապրում էին բարի ծերունին ու իր կինը: Մի անգամ, երբ ծերունին աշխատում էր բրնձի արտում, նրա մոտ վազեց մի սպիտակ շնիկ: Շնիկը կաղկանձում և վնգստում էր, նրան տանից վռնդել էր ագահ հարևանը: «Ախ դու խեղճ շնիկ»,-ասաց բարի ծերունին: Նա վերցրեց շնիկին և նրան անվանեց Սիրո(սպիտակ):
Ծերունին ու իր կինը շատ սիրեցին Սիրոյին: Սիրոն էլ կապվեց ծերունիներին և օգնում էր ծերունուն ամենօրյա աշխատանքներում: Սիրոն լավ ուտում էր և արագ վերածվեց մեծ ու գեղեցիկ շան:
Եվ ահա օրերից մի օր Սիրոն ծերունու հետ գնաց զբոսնելու: Երբ նրանք հասան բլուրի գագաթը, Սիրոն կանգնեց և սկսեց բարձր հաչալ. «Հաֆ-հաֆ, այստեղ փորի'ր, հաֆ-հաֆ, այստեղ փորի'ր»:
Երբ բարի ծերուկը սկսեց փորել այն տեղը, որը ցույց էր տալիս Սիրոն, զարմանքով տեսավ, որ հողից ոսկեդրամների շատրվան է ցայտում:
Այս հրաշքի մասին լսում է ագահ հարևանը: Նա ներխուժում է բարի ծերունու տուն և բացականչում. «Մի ժամանակ այս շունն իմն է եղել: Նրան մեկ օրով փոխարինաբար ինձ տուր»: Այնուհետև բռնեց Սիրոյին, հագցրեց նրան ամուր վզնոցը և քարշ տվեց բլրի գագաթը:
«Որտե՞ղ է ոսկին»,- գոռում էր չար հարևանը թշվառ շան վրա: Խեղճ շունը վախից վնգստալով ասում է. «Ահա այստեղ է»: Ագահը հրճվանքով սկսում է փորել: Սակայն ոսկու փոխարեն գետնից դուրս է գալիս օձերի, որդերի և աղբի շատրվան:
«Ինչպե՞ս համարձակվեցիր, լակո'տ»,- կատաղությամբ բացականչեց հարևանը և սպանեց խեղճ շանը:
Ծերունին կնոջ հետ շատ արտասվեց, երբ իմացավ սիրելի շան մահվան մասին: Նրանք որոշեցին Սիրոյին թաղել: Հաջորդ օրը Սիրոյի գերեզմանին մի մեծ ծառ աճեց:
Մի օր ծերուկն ասաց. «Մեր Սիրոն շատ էր սիրում բրնձե բլիթներ: Արի թխենք ու մի քիչ տանենք նրա գերեզմանին»: Այնտեղ ծերունին կտրում է Սիրոյի գերեզմանին աճած ծառը և հավանգ է պատրաստում: Հետո սկսեցին հավանգը գործածել: Բայց, երբ ծերունին բրինձը լցրեց հավանգի մեջ, այն վերածվեց ոսկեդրամների:
Ագահ հարևանը, այդ մասին իմանալով, ծերունուց խնդրեց հավանգը և բերեց տուն: Տանը նա սկսեց հավանգի մեջ բրինձ լցնել, բայց ոսկու փոխարեն նրա աչքի առաջ բրինձը վերափոխվում էր սև տիղմի: «Ի~նչ է սա»,- այսպես բացականչելով նա հավանգը փշրեց մանր կտորների և այրեց:
Բարի ծերունին զգուշությամբ հավաքեց հավանգի մոխիրը, լցրեց տուփի մեջ և այրեց:
Հանկարծակի պոռթկումով քամին բարձրացրեց մոխիրի ամպեր և այն տարավ չորացած ծառի վրա: Ի զարմանս ծերունու` մահացած բալենին հանկարծակի փթթեց ապշեցուցիչ գեղեցիկ ծաղիկներով: Այդ ժամանակ նա սկսեց այդ մոխրից շաղ տալ բոլոր չորացած ծառերին, և անկենդան պուրակը վերածվեց ծաղկած բալենու այգու: Շուտով այս հրաշքի լուրը հասնում է կայսրին, և նա ուղարկում է ծերունու հետևից:
«Ցու'յց տուր ինձ քո արվեստը»,- հրամայեց կայսրը: Երբ բարի ծերուկը մոխիրը շաղ տվեց ծառերի կանգնած շարքի վրա, նրանց վրա կախարդական ծաղիկներ հայտնվեցին. «Գերազանց է: Դու ամբողջ Ճապոնիայի ամենալավ այգեպանն ես»:
«Ո'չ, ես եմ Ճապոնիայի ամենալավ այգեպանը»,- ճղճղոց լսվեց: Ագահ հարևանն էր հայտնվել: Նա իր հետ բերել էր կախարդական հավանգի մնացած մոխիրը և սկսեց արագ-արագ այն շաղ տալ շուրջը: Բայց այդ մոխիրը այդպես էլ մոխիր մնաց և լցվեց կայսեր աչքերը և քիթը:
«Դու այգեպան չես, դու պարզապես անպատկառ տխմար ես»,- ասաց կայսրը և ագահ ծերունուն զնդան նետեց:

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

14:00 Posted by Unknown No comments
Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
- Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:
- Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես: Այլևս մեքենայի շուրջ պտտվելու կարիք չկա…
Ու հիմա, նույնիսկ մարզանք էր անում, ամեն առավոտ վազում էր: Սպորտային հագուստ էր գնել և ամեն օր` նախքան սուրճը, դուրս էր գալիս վազելու: Տուն էր գալիս`երանության մեջ:
- Մի ընտիր բան եմ բացահայտել:
- Ի՞նչ:
- Թթվածի՜ն:
Բացարձակ հրաժարվեց քաղցրից. հենց ինքը, և սկսեց որոշ դեպքերում մեծ բծախնդրություն ցուցաբերել: Կնոջ հետ քայլում էր հրապարակում, երբ հանկարծ կռացավ մի երեխայի գլուխը շոյելու: Կինը նույնիսկ զարմացավ. ճիշտ է, ամուսինը երեխաներ սիրում էր, բայց դա երբեք ցույց չէր տալիս: Այդ պահին, ամուսինն ուղղվեց ու կնոջ թևից ձգելով` ստիպեց արագացնել քայլերը:
- Գնացինք:
- Ինչո՞ւ ես այդպես շտապում:
- Գողացա երեխայի սառնաշաքարը: Գնանք այստեղից:
Բայց արդեն ուշ էր. երեխան աղմուկ էր բարձրացրել, ստիպված եղան դիմակայել վրդովված մայրերի ու հայրերի բանակին, և նա հարկադրաբար վերադարձրեց սառնաշաքարը:
Հիմա հյուրասենյակի կենտրոնում փորի մկանների մարզանք էր անում: Շարունակ նայում էր հայելու մեջ, շոյում էր փորն ու հարցնում.
- Փոքրացել է, չէ՞: Չի՞ փոքրացել:
Իրականում փորը փոքրացել էր: Դա կնոջն այնքան հետաքրքրեց, որ առանց ամուսնու գիտության, գնաց նրա նոր բժշկի մոտ: Անհրաժեշտ էր իմանալ, թե ով է այդ հրաշքի հեղինակը: Բժիշկն ասաց, որ ոչ մի հրաշք էլ չկա: Երբ կինը հարցրեց՝ ինչպե՞ս է բժշկին հաջողվել համոզել իր ամուսնուն նիհարել (ինչը դեռ ոչ ոքի չէր հաջողվել) բժիշկը ժպտաց ու ասաց.
- Ֆեռեյրինյայի վայրով:
Պատմեց, որ նոր հիվանդին առաջին խորհուրդները տալիս՝ հենց այնպես հարցնում է, թե արդյոք նա ճանաչում է Ֆեռեյրինյային: Ո՞չ: Դե, իմացե՛ք, Ֆեռեյրինյան գտնվում է մի վայրում, ուր ամեն շաբաթ` հանգստյան օրերին, մի խումբ ընկերների ու մի քանի կանանց հավաքում է այնտեղ: Ֆեռեյրինյան շատ կանանց է ճանաչում՝ մոդելներ, միսսեր, նշանավոր կանայք և այլն: Ու ամեն շաբաթվա հանգստյան օրերին, ինչպես Ֆեռեյրինյան է ասում, «Ոսկու տենդ» է սկսվում… Կանայք դուրս են գալիս վազելու Ֆեռեյրինյայի դաշտում, իսկ տղամարդիկ` նրանց հետևից: Ով բռնում է կանանցից որևէ մեկին, գիշերը նրա հետ է անցկացնում: Ամենաարագ վազողներն ամենագեղեցիկներին են բռնում: Ամենաչաղերն ու վատ ֆիզիկական վիճակում գտնվողները ոչ մեկին էլ չեն բռնում: Հիվանդը ցանկանո՞ւմ է դառնալ Ֆեռեյրինյայի ընկերների խմբի անդամ. դրանից հեշտ բան չկա, բժիշկը կծանոթացնի: Բայց, նախքան այդ, անհրաժեշտ է նիհարել: Լավ ֆիզիկական վիճակում լինել` Ֆեռեյրինյայի վայրում անհաջողությունից խուսափելու համար: Հենց հիվանդը պատրաստ լինի, բժիշկը խոստանում է նրան ներկայացնել Ֆեռեյրինյային:
- Բայց, – հարցրեց կինը,- Ֆեռեյրինյայի վայրը իրոք գոյություն ունի՞:
- Ո՛չ վայրը, ո՛չ էլ Ֆեռեյրինյան գոյություն չունեն,- ասաց բժիշկը:
- Իսկ ի՞նչպես եք վարվում, երբ հիվանդն իրեն պատրաստ է զգում Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու:
Կինը մտածում էր ամուսնու մասին` կատաղության ու ցավի խառնուրդով: Ուրեմն, նա նիհարում է` Ֆեռեյրինյայի վայրում կանանց հետևից վազելու նպատակով. տխմարի մե՜կը… Բայց ի՜նչ հուսախաբություն կապրի` իմանալով, որ նման վայր գոյություն չունի, խեղճ ամուսի՜ն…
-Գիտե՞ք, զավեշտականն այն է,- ասաց բժիշկը,- որ մինչև այսօր իմ հիվանդներից ոչ մեկը չի դիմել՝ Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու խնդրով: Ես ասում եմ. «Կարծում եմ, դուք պատրաստ եք Ֆեռեյրինյայի վայրը գնալու», կամ՝ «Վաղը, ձեզ կծանոթացնեմ Ֆեռեյրինյայի հետ»: Սակայն ոչ ոք իրեն դեռ պայմաններին պատրաստ չի համարում. միշտ ուզում են մի քիչ էլ պարապել:
- Ի՜նչ ցեղ են,- ասաց կինը…
Եվ բժիշկը, ինքն էլ նույն ցեղից լինելով, ստիպված եղավ համաձայնել.
- Ի՜նչ ցեղ են:

Լև Տոլստոյ` մտքեր

13:48 Posted by Unknown No comments
Տղամարդկանց մեծ մասն իրենց կանանցից հարգանք են պահանջում, որին իրենք չեն արժանացել:Իրական սերն անձի նկատմամբ չէ, այն հոգեւոր վիճակ է` պատրաստ սեր տալու ամեն ինչին:Գիտելիքը խոնարհեցնում է մեծ մարդուն, զարմացնում սովորականին եւ ոչնչացնում փոքրին:Երջանիկ լինելու համար պետք է հավատալ երջանկության հնարավորությանը:Մարդկանցից ամաչելը լավ հատկություն է, սակայն ավելի ճիշտ է ինքդ քեզնից ամաչելը:Ծիծաղը մարդասիրություն է:Որպես գիտակից արարած՝ ինչ պետք է անի մարդն այս կյանքում: Պետք է գիտակցի իր այն մեղքը, որը նրան հասցրել է տառապանքի, ապաշխարի եւ գտնի ճշմարտությունը:Բարություն անելիս ինքներդ եղեք երախտապարտ, որ կարողանում եք անել դա:Եթե ուզում եք երջանիկ լինել, պետք է շարունակաբար ձգտեք դեպի երջանկությունը եւ հասկանաք նրան, երջանկությունը կախված չէ հանգամանքներից, այն ձեր մեջ է:Այն, ինչ մենք անվանում ենք երջանկություն, այն, ինչ մենք անվանում ենք դժբախտություն, նույնքան կարեւոր են մեզ համար, եթե նայենք դրանց որպես փորձությունների:Մարդն ուղղակի պարտավոր է երջանիկ լինել, եթե նա դժբախտ է, ուրեմն ինքն է մեղավոր: Մարդն այնքան պետք է փորփրի իր ներսը, մինչեւ չհոգնի այդ անհարմարությունից կամ էլ անխելքությունից:Երբ ջանքը վերածվում է ստեղծագործության, անգամ ֆիզիկապես չես վախենում մահից:Պետք է միշտ ուրախ լինել. երբ ուրախությունը կորչում է, փնտրիր, թե որտեղ ես սխալվել:

Օ. Հենրի` Մոգերի Ընծաները

13:25 Posted by Unknown No comments
Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով:Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:
Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր ՙՄ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ՚ մակագրությամբ մի քարտ: ՙԴիլինգհեմը՚ բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  ՙԴիլինգհեմ՚ բառի տառերը խամրել էինª ասես լրջորեն խորհելով` չկրճատվեն արդյոք դառնալով համեստ ու անհավակնոտ ՙԴ՚: Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին ՙՋիմ՚ բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:

II
Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:
Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:
Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները` շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:
Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:
Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:
Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:
Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում` նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

III
Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր. ՙՄադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
- Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:
- Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:
Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:
- Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:
- Շտապ տվեք,- ասաց Դելան:
Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:
Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

суббота, 1 июня 2013 г.

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու` Հանդիպում

13:38 Posted by Unknown No comments
Կինը նրան հանդիպեց ներմուծված գինիների բաժնում՝ կանգնած մտահոգ: Ցանկացավ հետ գնալ, բայց արդեն ուշ էր, իր սայլակը կանգ առավ ուղիղ նրա ոտքերի մոտ: Տղամարդը նրան նայեց նախ անտարբեր, հետո՝ զարմանքով, հետո՝ շփոթված, ու, ի վերջո, ժպտացին իրար:
Վեց տարի ամուսնացած էին եղել, բաժանված`մեկ: Առաջին անգամ էին հանդիպում բաժանումից հետո: Ժպտացին իրար, ու տղամարդը խոսեց նախքան կինը կխոսեր. գրեթե միաժամանակ խոսեցին:
- Դու այս կողմերո՞ւմ ես ապրում:
- Հորս տանը:
Հոր տա՜նը: Նա գլուխը թափահարեց, ձևացրեց, թե իր սայլակում ինչ-որ բան է դասավորում. պահածոներ, բուլկիներ, շշեր, ամեն ինչ, միայն թե կինը չտեսնի, թե որքան հուզված է:
Իմացել էր իր նախկին աներոջ մահվան մասին, բայց չէր կարողացել համոզել իրեն գնալ թաղմանը: Դա պատահել էր բաժանումից անմիջապես հետո. խիզախությունը չբավեց գնալ՝ ցավակցելու կնոջը, որին դեպքից մեկ շաբաթ առաջ «կով» էր անվանել: Ինչպե՞ս էր ասել. ասել էր՝ «Դու անսիրտ կով ես»: Կինը կովային ոչ մի բան չուներ, բարեկազմ կին էր, բայց այդ պահին, այլ վիրավորանք մտքին չեր եկել: Նրան ասած իր վերջին խոսքը դա էր եղել: Իսկ կինն իրեն «կեղծավոր» էր անվանել: Որոշեց չհարցնել, թե ինչպես է կնոջ մայրը:
- Իսկ դո՞ւ,- դեռևս ժպտալով` հարցրեց կինը:
Նույնքան գեղեցիկ էր:
- Այստեղ մոտակայքում բնակարան ունեմ:
Ճիշտ էր արել, որ չէր գնացել ծերուկի թաղմանը: Լավ է, որ առաջին հանդիպումն այսպես ստացվեց` ոչ պաշտոնական, սուպերմարկետում, գիշերը: Տեսնես կինն այդ ժամին ի՞նչ էր անում այդտեղ:
- Միշտ այս ժամի՞ն ես գնումներ կատարում:
Աստվա՜ծ իմ,- մտածեց նա,- հանկարծ կինը հարցը հեգնանքի տեղ չընդունի:
Դա իրենց ամունության թնջուկներից մեկն էր. ինքը երբեք չգիտեր, թե կինն ինչպես կընդունի իր ասածը: Դրա համար էլ, վերջը, ինքը կնոջը «կով» անվանեց: «Կով» բառը կասկած չէր թողնում, որ անարգում է նրան:
- Ո՜չ, ո՛չ, բանն այն է, որ մի քանի ընկերներով մեր տանն ենք հավաքվել, որոշեցինք ուտելու բան պատրաստել, բայց տանը ոչինչ չունեի:
- Հետաքրքիր է, ես էլ տանը հյուրեր ունեմ ու եկել եմ խմիչքներ, պաշտետ ու մի քանի բան գնելու:
- Ուրախ ժամանց:
Կինն ասաց՝ «մի քանի ընկերներ»: Տեսնես, իր ժամանակի մարդկանցից որևէ մեկը կա՞. հի՞ն շրջապատն է: Ինքը վաղուց չի հանդիպել ամուսնական շրջանի հին ընկերներին: Կինը միշտ ավելի շփվող է եղել, քան ինքը: Ով գիտի, գուցե ընկեր է: Նա գեղեցիկ, գրավիչ կին է, իհարկե, հավանական է, սիրեցյալ ունի. կովի մե՜կը:
Կինը մտածում էր, որ նա ատում էր քեֆերը, չէր սիրում, երբ տանը մարդ է լինում: Նրա համար օրվա ծրագիրը կայանում էր հոր տանը կարտ խաղալը: Իսկ հիմա տանն ընկերնե՞ր ունի, թե՞ ընկերուհի: Ի վերջո, դեռ երիտասարդ է… ընկերուհուն թողել է բնակարանում ու եկել գնումներ կատարելու: Եվ ներմուծված գինի է գնում. կեղծավորի մե՜կը:
Ամուսինը մտածեց. «ինքն իմ պակասը չի զգում. տունը լիքն է ընկերներով»: Եվ եզրակացրեց՝ ես նրան տեսնելով շփոթվեցի, երևի կարծում է, թե ես իր պակասն եմ զգում, բայց նա այդ բավականությունը չի ստանա, ո՛չ:
- Խմիչքներիս դարակը երկար լիքը չի մնում: Տանը միշտ մարդ կա,- ասաց նա:
- Իմ տանն էլ մեկը մյուսի հետևից քեֆեր են:
- Դու միշտ քեֆեր սիրել ես:
- Իսկ դու, ոչ:
- Մարդիկ փոխվում են, այնպես չէ՞: Սովորություններն են փոխվում…
- Տեսնում եմ:
- Դու ինձ չէիր ճանաչի, եթե նորից հետս ապրեիր:
Կինը, դեռ ժպտալով, ասաց.
- Աստված մի արասցե:
Երկուսն ել ծիծաղեցին. ոչ պաշտոնական հանդիպում էր:
Վեց տարի իրար շատ ուժեղ էին սիրել: Չէին կարողանում ապրել առանց մեկմեկու: Ընկերներն ասում էին. «Այս երկուսից մեկը եթե մահանա, մյուսն ինքնասպան կլինի»: Ընկերները չգիտեին, որ նրանց միջև տարաձայնություն կա: Սիրում էին, բայց իրար չէին հասկանում: Թվում էր՝ սերն ավելի ուժեղ է, որովհետև գերակշռում էր տարաձայնությանը, խթանող ուժ ուներ, կինը կատարում էր այն, ինչ ամուսինն ասեր, ամուսինը ոչինչ չէր ուզում ասել:
Միասին մոտեցան դրամարկղին. նա չառաջարկեց վճարել կնոջ փոխարեն, ամեն բանից հետո կինն իր վճարած թոշակով էր քեֆեր կազմակերպում «մի քանի ընկերների» համար: Նա ուզում էր հարցնել կնոջ մոր առողջության մասին. կինն ուզում էր հարցնել, թե նա ինչպես է, թե արդյոք միզապարկի պրոբլեմը նորից կրկնվե՞լ է. երկուսն էլ միաժամանակ սկսեցին խոսել, ծիծաղեցին ու իրար հաջողություն մաղթեցին` առանց որևէ բան ասելու:
Երբ կինը տուն հասավ, դեռ լսվում էր մոր փնթփնթոցը անկողնու միջից. որ ինքը պետք է վերջ տա գիշերային գնումներ կատարելու այդ սովորությանը, որ ինքը պետք է ընկերներ ձեռք բերի, ինչ-որ բան ձեռնարկի` կորցրած ամուսնուն ափսոսալու փոխարեն: Կինը ոչինչ չասաց: Տեղավորեց կատարած գնումները քնելուց առաջ:
Երբ տղամարդը տուն հասավ, բացեց մի տուփ պաշտետ, հաց, պորտուգալական գինի, սկսեց մենակ ուտել, խմել մինչև քունը տանելը, և գնաց քնելու:
«Այդ կեղծավո՜րը»՝ քնելուց առաջ մտածեց կինը:
«Այդ կո՜վը»՝ քնելուց առաջ մտածեց տղամարդը:

Պաոլո Կոելիո մաս 2

13:33 Posted by Unknown No comments
Աշակերտն եկավ ուսուցչի մոտ և այսպես ասաց.
- Արդեն շատ տարիներ ես լուսավորում եմ փնտրում: Հիմա զգում եմ, որ ընդհուպ մոտեցել եմ նրան: Ուզում եմ իմանալ՝ որը պետք է լինի հաջորդ քայլս:
 - Իսկ ինչպե՞ս ես դու ապրուստ վաստակում,- հարցրեց ուսուցիչը:
- Դեռ վաստակել չեմ սովորել. ինձ հայրս ու մայրս են պահում: Բայց այդ բնավ էլ կարևոր չէ:
- Հարցնում ես՝ որը պետք է լինի հաջորդ քա՞յլդ. կես րոպե անթարթ նայիր արևին,- ասաց ուսուցիչը:
Աշակերտն այսպես էլ արեց:
Երբ կես րոպեն անցավ, ուսուցիչը խնդրեց նկարագրել այն ամենը, ինչ տեսավ իր շուրջը:
- Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ:
Մարդըորը միայն լույս է փնտրում և իր պարտականություններն այլոց վրա է դնումերբեք չի լուսավորվի:

Էռնեստո Չե Գևարա մաս 2

13:31 Posted by Unknown No comments
Չե Գևարան հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ասել է. «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին...»:

Երբ սերժանտ Տերանը ներխուժեց դպրոցական դասարան, որտեղ հսկողության տակ պահում էին գերուն, վիրավոր Չեն մեծագույն լարումով փորձեց կանգնել։ Տեսնելով ոտքի ելնող պարտիզանական հրամանատարին, մարդասպանը շփոթվեց։ Այդժամ, համաձայն ապոկրիֆներից մեկի, Չե Գեվարան հրամայեց նրան. «Կրակի՛ր, շան որդի»։ Իսպաներեն «շան որդին» վիրավորանք է, որը չի կարող ներել իրեն հարգող ոչ մի տղամարդ։ Եվ շան որդին ինը գնդակ արձակեց Չեի վրա...
ՍՊԱՆՎԵՑ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Ուղիղ տասը տարի անց ֆրանսիացի փիլիսոփա Ռեժի Դեբրեն, որը Չե Գեվարայի հետ մասնակցել էր Բոլիվիայում պարտիզանական պայքարին, հայտարարեց. «Չեն սպանվեց երկու անգամ. նախ՝ սերժանտ Տերանի ավտոմատային կրակահերթով, այնուհետ՝ իր միլիոնավոր դիմանկարներով»։
Իրեն նվիրված ֆիլմերի, վեպերի, ներկայացումների, հետազոտությունների թվով Չեն գերազանցել է XX դարի երկրորդ կեսի ցանկացած քաղաքական գործչի։ Նրա պատվին հորինում են ռոք օպերաներ, ջանք չեն խնայում, որ Չեի անունը վերածեն ապրանքի։
Ո՞րն է այդ վիթխարի մարդկային ֆենոմենի գաղտնիքը, որի անունն է Էռնեստո Չե Գեվարա։ Պատասխանը, ամենայն հավանականությամբ, ամփոփված է նրանում, որ նրա անձի մեջ կենտրոնացած են հավերժական հարցերը. «Ո՞վ ենք մենք եւ ինչո՞ւ ենք եկել այս աշխարհ», «Ո՞րն է մեր կյանքի եւ մահվան իմաստը» եւ այլն։
Չեն 60-ականների կեսին աշխարհում բարձրացած հեղափոխական ալիքի առաջնորդն էր։ Նա ահավոր վախենում էր այն բաց թողնել։ Լինելով ողջ աշխարհի չքավորների առաջնորդը, նա առաջին գլոբալ հեղափոխականն էր։ Չէ՞ որ նույնիսկ ամենախոշոր հեղափոխական գործիչները (Լենինը, Մաոն, Հո Շի Մինը) դուրս չեն եկել ազգային շրջանակներից։
ՔԱՄՈՒՑ ՆԵՐԲԱՆՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ
Չեն՝ «քամուց ներբաններով մարդը», դիտում էր ողջ աշխարհը որպես միասնական մարտադաշտ. «Ես բախտ եմ ունեցել լինելու... իր ազատության համար պայքարող աշխարհի պատմության որոշ ամենահերոսական պահերին»։
Հեղափոխությունը նրա ճակատագիրն էր։ Իր ողջ կյանքով նա մարմնավորում էր այդ ճակատագիրը։ Չեն ասես չափում էր ուժը պատմության հետ։
Ճակատագրի մարդկանց պարագայում անխուսափելիորեն գալիս է մի պահ, երբ սկսում են ապացուցել իրենց իրավացիությունը սեփական կյանքի գնով. «Իմ երազանքները սահման չեն ունենալու։ Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ գնդակները չեն ասել վերջին խոսքը»։
Ինչպես Սոկրատն ընտրեց թույնով գավաթը, ինչպես Քրիստոսը խաչ ելավ, այնպես էլ Չե Գեվարան Բոլիվիական դատաստանում սեփական կյանքի գնով հաստատում էր նոր աշխարհի իր նախագիծը։ Դա ամենեւին էլ ինքնասպանի կեցվածք չէր. «Մենք չենք փորձում կեցվածքները վերջին գործողության համար, մենք սիրում ենք կյանքը եւ կպաշտպանենք այն»։
ՉԵՆ ՀԱՂԹԵՑ ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Չեի անձի պատմական վիթխարի նշանակությունն այն է, որ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում թոթափում էին ստրկության հոգեբանական լուծը եւ ձեռք բերում ներքին ազատություն։
Իր հանդուգն ապրած կյանքով Չեն ցուցադրում է մեզ հերոսական կյանքի արվեստը։ Նա XX դարի խոշորագույն ողբերգակն է։ Ի տարբերություն ճակատագրի ոտնահարած անտիկ հերոսների, Չեն ցուցադրում է մեզ անօրինակ հաղթանակ ճակատագրի նկատմամբ։
Կոնգոյում Չեն ստացավ «մուգանդա» մականունը. «նա, ով թեթեւացնում է ցավը»։ Նրա անվեհեր ազատությունը մարդկանց առջեւ բացում էր հոգեւոր ււ բարոյական հափշտակիչ հեռանկարներ։ Հենց այդ պատճառով էլ այդչափ պաթետիկորեն, այդպիսի աներեւակայելի կրքով ապրած նրա կյանքը շարունակում է վարակել սերունդներին։
Բոլիվիայում վերջին մարտում պատմությունը, ասես ծաղրելով նրա խոսքերը, թե՝ «Պարտիզանի համար սապոգները հրացանից կարեւոր են», զրկեց նրան ե՛ւ սապոգներից (կորցրեց գետանցման ժամանակ), ե՛ւ կարաբինից (շարքից դուրս եկավ թշնամու գնդակից)։
Բայց Չեն հաղթեց իր պարտությանը։ Եվ երբ ուղղաթիռի սահնակողերից կապված Չեի դիակը թռչում էր երկնքում, նրա լայն բացված աչքերը խաղաղված էին։
Նա արեց իր գործը։ Նա մտավ պատմություն։ Նա ոտքի հանեց միլիոնավոր մարդկանց ծնկաչոք վիճակից։